ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի, Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար Նարեկ Մկրտչյանի, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ Թաիրովի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել ինժեներական լաբորատորիայի բաիցման արարողությանը:

Ինչպես հայտնում են Արմավիրի մարզպետարանից, Արցախյան 44-օրյա պատերազմում համայնքից զոհված զինվորներ Տիգրան Հարությունյանի, Գարեգին Նիկոլյանի, Նարեկ Հարությունյանի և կամավորներ Սուրեն Բաբայանի, Գևորգ Բերակչյանի անունը կրող ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից իրականացվող «Խորը ինժեներական մասնագիտացում» անվճար կրթական ծրագրի շրջանակում՝ լիբանանահայ գործարար Րաֆֆի Դեր Մարտիրոսյանի, Հայ կրթական հիմնարկության և Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ:



Ողջունելով կրթական կարևոր իրադարձության մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ իր ցավակցությունն ու զորակցություն է հայտնել հերոսների ընտանիքների անդամներին, խոնարհումը՝ նրանց զավակների հիշատակին: Ապա նա շնորհավորել է բոլորին օրվա կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նախաձեռնության հեղինակներին:



«Մենք ապրում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում և անչափ կարևոր է հենց կրթօջախում համարժեք գիտելիքներ ստանալը: Ես համոզված եմ, որ ինժեներական լաբորատորիաների հիմնումը պարզապես արտադպրոցական պարապմունքների հնարավորություն չէ: Այս կարևոր նախաձեռնության շնորհիվ մեր ավագ դասարանների աշակերտների առջև իր դռներն է բացում ժամանակակից տեխնոլոգիաների և գիտության աշխարհը: Իսկ լաբորատորիայում այսօր ստացած գիտելիքը նրանք վաղը հարաբերական և ուղիղ իմաստով դարձնելու են պաշտպանական զենք և ինքնաիրացման փայլուն հնարավորություն»,-իր խոսքում նշել է մարզպետը:

Նշենք, որ ծրագրի նպատակն է ավագ դպրոցի աշակերտների շրջանում ինժեներական կրթության հանդեպ հետաքրքրության բարձրացումը, գործնական ուսուցման կիրառմամբ արդիական և մրցունակ ինժեներական հմտությունների տրամադրում և աշակերտների կողմից ինժեներական նախագծերի և պրոդուկտների մշակումը` անօդաչու սարքեր, ռոբոտներ, խելացի արտադրանքներ և այլն: Ծրագիրը նախատեսված է Արմավիրի մարզի 10-րդ և 11-րդ դասարանի այն աշակերտների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել հիմնարար գիտելիքներ և փորձ ծրագրային ճարտարագիտության, մեքենայական ուսուցման, մեքենաշինության, 3D մոդելավորման, ճշգրիտ մեքենաների գործարկման և մի շարք այլ ուղղություններով:



Դասընթացի շրջանակներում դասավանդելու են ինժեներական ոլորտի ընկերությունների փորձառու մասնագետները, իսկ մասնակիցներն ընտրվելու են մաթեմատիկայի և տրամաբության գրավոր թեստի և հարցազրույցի միջոցով:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն