Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում․ Նազելի Բաղդասարյան
Երկրաշարժը Շիրակի մարզում մեծ ուժգնությամբ զգացվել է Գյումրիում՝ բնակելի շենքերում, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանում: Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի փոխանցմամբ` այս պահի դրությամբ արձանագրված փլուզումներ չկան։ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ` Գյումրիում ևս փլուզման ահազանգեր չեն եղել։ Այս մասին Facebook-ի էջում գրել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Նա հայտնել է, որ Գյումրիում մասնակի քարաթափման դեպքեր են գրանցվել վթարային շենքերում, մասնավորապես՝ Անտառավան 26 շենքում։ ԱԻՆ աշխատակիցները տեղում են։
«Շտապ օգնության ծառայությունում գրանցված զանգերը հիմնականում մարդկանց սթրեսային վիճակի ու արյան ճնշման բարձրացման պատճառով են, ինչը բժիշկների հավաստմամբ, պայմանավորված է վախով։
Գյումրու թաղամասերից 2-ը հոսանքազրկված են, նաեւ Մարմաշեն եւ Հայկավան բնակավայրերը։ Վերականգման աշխատանքները ընթացքի մեջ են։
23։50-ին հոսանքը վերականգնվել է»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 22:25-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 18:25-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա բնակավայրից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.2 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Armeniatoday.news