Առավելագույնը 8 րոպե․ Վահան Բիչախչյանի ֆուրորը Լեհաստանում
Լեհաստանի առաջնության 21-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Պոգոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության հասավ «Զագլեբյեի» նկատմամբ: Դաշտի տերերին հաղթանակ պարգևեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի 80-րդ րոպեին խփած գնդակը։ Ի դեպ, Բիչախչյանը փոխարինման էր դուրս եկել 72-րդ րոպեին։ Փաստորեն մեր ֆուտբոլիստը աչքի է ընկնում Լեհաստանի առաջնությունում երկրորդ խաղում անընդմեջ փոխարինման դուրս գալուց րոպեներ հետո։ Նորամուտը նշելով Լեհաստանի բարձրագույն լիգայում Բիչախչյանը 20-րդ տուրի «Պյաստ Գիլիվցեի» դեմ սկզբունքային մրցավեճում 62-րդ րոպեին դուրս գալով փոխարինման 6 րոպե անց հաշիվը դարձրել էր 2։0։ Հիմք ընդունելով Լեհաստանի առաջնությունում Բիչախչյանի գրանցած ցուցանիշը արաձանագրենք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանից առավելագույնը 8 րոպե է պահանջվել գոլ խփելու համար։ Ընդ որում երկու դեպքերում էլ մեր կիսապաշտպանը հաջողության է հասել խաղավարտին մոտ։ Սա թերևս պաշտոնական հանդիպումներում Բիչախչյանի գրանցած ցուցանիշն է։ Ընդհանուր առմամբ հայ ֆուտբոլիստը լեհական թիմի կազմում խփել է 7 գնդակ։ Բիչախչյանը «Պոգոնի» կազմում գոլերի հաշիվը բացել էր հունվարի 17-ին տեղի ունեցած շվեյցարական «Ցյուրխի» դեմ նորամուտի խաղում։
Այնուհետև աչքի էր ընկել ուկրաինական «Զարիայի» և գերմանական «Հանզայի» դեմ հանդիպումներում։ Փետրվարի 8-ին էլ «Պոգոնը» ստուգողական խաղում 7։2 հաշվով առավելության էր հասել «Օլիմպիա Էլբլոնգի» նկատմամբ։ Մեր ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել աչքի ընկնելով 41-րդ և 48-րդ րոպեներին։ Այսպիսով 6-րդ խաղում անընդմեջ Բիչախչյանը գոլ է խփում իր նոր թիմի կազմում։ Հիշեցնենք, որ հունվարի 10-ին մեր ֆուտբոլիստը 3․5 տարվա պայմանագիր էր կնքել «Պոգոնի» հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայում»: «Անչափ ուրախ եմ, որ վերջին շրջանում հաճախ եմ գոլ խփում: Նշեմ Սակյ, որ սա ոչ միայն իմ, այլ ողջ թիմի աշխատանքի արդյունքն է: Թիմում ֆանտաստիկ մթնոլորտ է տիրում, ֆուտբոլիստները մտերիմ հարաբերությունների մեջ են: Շատ ենք աշխատում, քանի որ գիտենք՝ ինչ նպատակներ ունենք: «Զագլեմբյեն» լավ թիմ է, և հաղթանակը հեշտությամբ չտրվեց։ Մրցակիցն ձեռագիրն ունի, որի հիմքում ֆիզիկական լավ պատրաստվածությունն է։ Բայց մենք հավատում էինք և չէինք կասկածում, որ կխփենք հաղթական գնդակը: Փառք Աստծուն, ամեն ինչ դասավորվեց մեր ուզածով։ Ֆանտաստիկ մթնոլորտ էր մարզադաշտում, երկրպագուները վայրկյան անգամ չդադարեցին աջակցել մեզ և մենք զգում էինք նրանց աջակցությունը: Նման աջակցությունը առաջին հերթին անհրաժեշտ է դժվար պահերին: Նման պահերին ծափահարությունները պետք է առաջ տանեն թիմին ու օգնեն հասնել նոր բարձունքների: Մենք դրա կարիքն ունենք: Երբ լուսատախտակին ոչ-ոքի էր, մեր երկրպագուները առաջ մղեցին մեզ: Կարծում եմ՝ այս հաղթանակում քիչ չէ նաև նրանց դերը: Լինել «Պոգոնի» մի մասնիկն ու խաղալ նման երկրպագուների համար՝ իսկական հաճույք է։ Մարզչական շտաբն է որոշում երբ ես պետք է հայտնվեմ խաղադաշտում: Պատրաստ եմ ցանկացած ժամանակ դուրս գալ և օգնել իմ թիմին:
Մեր թիմում պահեստայինները քիչ դերակատարում չունեն, քան հիմնական կազմի տղաները: Յուրաքանչյուրը, ով մտնում է խաղադաշտ, փորձում է ամբողջությամբ տրվել թիմին: Եթե մենք ցանկանում ենք լինել բարձրության վրա, պետք է հիշենք այդ մասին: Միշտ պետք է գործենք հանուն թիմի: Հասկանում ենք ու գիտակցում, որ կարող ենք պատմական արդյունքի հասնել ընթացիկ մրցաշրջանում, բայց դրան պետք է ձգտենք քայլ առ քայլ»,- «Պոգոնի» մամուլի ծառայությանը տված հարցազրուցյում ասել է Բիչախչյանը։ 21-րդ տուրից հետո «Պոգոնը» 43 միավորով շարունակում է մնալ 2-րդ հորիզոնականում։
Առաջին տեղում 45 միավորով Պոզնանի «Լեխն» է։ Վերջինս 21-րդ տուրում սեփական հարկի տակ 5։0 հաշվով առավելության է հասել «Տերմալիցայի» նկատմամբ։ Երրորդ տեղում գտնվող «Ռակով» ակումբ ունի 41 միավոր։ 21-րդ տուրում այս թիմը ևս հաղթել է 1։0 հաշվով առավելության հասնելով «Ռոդոմյակի» նկատմամբ։ Արդեն իսկ կարելի է ասել, որ չեմպիոնության համար պայքարն ընթանալու է առաջին եռյակում գտնվող ակումբների միջև։