2021-ին Հայաստանում բեռնափոխադրումների 15.8 տոկոս աճ է գրանցվել
Ռուսաստանից ներմուծված այս հումքը ժամեր անց կտեղափոխվի հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններ: Բեռնատարները բազայի ներսում հաշված ժամեր են մնում:
Տերմինալի մյուս հատվածում էլ բարձումից առաջ վագոններն են մաքրում, կարճ ժամանակ անց տարատեսակ ապրանքներով բեռնված՝ ճամփա կընկնեն: Բեռնափոխադրումների աճից նախորդ տարի հայ գործարարները դժգոհ չեն մնացել: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ այս ճյուղում 2021-ին գրանցվել է 15.8 տոկոս աճ: Երկրի ներսում և Հայաստանի տարածքից դուրս ընդհանուր 17 մլն 243 հազար տոննա բեռ է տեղափոխվել: 2021-ին էական աճի առաջին պատճառը, ըստ Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Կարեն Ղարագյոզյանի, 2020-ի սահմանափակումներն են եղել:
Կարեն Ղարագյոզյան («Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Նաև որոշակի առևտրային գործոնների ավելացումը արտաքին գործընկերների հետ, մեր տնտեսվարողների հետ: Քովիդով պայմանավորված սահմանափակումները գործում էր նաև արտասահմանում, որոնք 21 թվականին ավելի մեղմ էին, ու այնտեղ էլ ապրանքաշրջանառությունը ավելի բարձր ցուցանիշ է գրանցել:
Բեռնափոխադրումների ծավալում 70 տոկոսը բաժին է ընկնում ավտոմոբիլային տրանսպորտին, 18.1 տոկոսը՝ երկաթուղային, 11.8 տոկոսը՝ մայրուղային խողովակաշարային, և 0.1 տոկոսը՝ օդայինին:
Կարեն Սարգսյան (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ կառավարման ամբիոնի վարիչ) - Այդ աճը հիմնականում տեղի է ունեցել ավտոմոբիլային բեռնափոխադրումների միջոցով՝ 23.1 տոկոսով: Աճել են նաև օդային փոխադրումները՝ 8.1 տոկոսով, և խողովակաշարային բեռնափոխադրումները՝ 8.7 տոկոսով: Փոքր-ինչ նվազում է տեղի ունեցել երկաթուղային բեռնափոխադրումների ոլորտում՝ 2.4 տոկոսի չափով:
Բեռնափոխադրման ծավալի նվազման միտում այս պահին չկա: Շատ կարևոր է նաև, ըստ մասնագետների, որ բեռնափոխադրումների ծավալում արտահանումն ավելի մեծ տոկոս կազմի:
Կարեն Ղարագյոզյան - Հուսանք՝ այս տեմպերը կպահպանվեն, ավելի չեն նվազի: Տրանսպորտը այն ոլորտն է, որ, կարելի է ասել, երկրի տնտեսական երակներն են. ինչքան մենք, մեր զարգացումը նկատելի լինի, ուրեմն տնտեսությունը ավելի ակտիվ է:
Բեռնափոխադրումներն, ըստ էության, տնտեսության զարգացման և արտահանման դրական միտումների մասին են վկայում՝ ընդգծում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը, շեշտում՝ այս ճյուղի զարգացման շնորհիվ ակտիվանում է նաև երկրի լոգիստիկ շղթան:
Կարեն Սարգսյան - Քանի որ հայաստանյան շուկան շատ փոքր է, ապա Հայաստանում արտադրված վերամշակող արդյունաբերության հիմնական ծավալը սպառվում է արտերկրում, և դրա հետ նաև պետք է, բնականաբար, աճի բեռնափոխադրումների ծավալը:
Հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակումը և տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, ըստ մասնագետների, դրականորեն կազդեն նաև բեռնափոխադրումների ոլորտի զարգացման վրա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան
1lurer.am