Փարիզում՝ համաշխարհային ճանաչում ունեցող ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրը՝ փետրվարի 22-ին տեղի կունենա Վարպետի վերջին՝ «Բնություն» ֆիլմի կինոթատրոնային պրեմիերան։ Այսպիսով, «Բնություն» ֆիլմի թանգարանային և փառատոնային ցուցադրություններին կավելանան նաև կինոթատրոնային դիտումները. գրում է kinoashkharh.am-ը։ 

Ֆրանկոֆոն երկրներում ֆիլմի դիստրիբյուցիան այսուհետ իրականացնելու է «Les films du Camelia» դիստրիբյուտորական կազմակերպությունը։ Այն հիմնադրվել է  1988 թվականին պրոդյուսեր և ռեժիսոր Ռոնալդ Շամայի կողմից, որը նաև ֆրանսիացի հայտնի դերասանուհի Իզաբել Հյուպպերի կողակիցն է։

Ռոնալդ Շամային է պատկանում Փարիզի  վեցերորդ թաղամասի, պատմական Սան Ժերմեն դե Պրե փողոցի սրտում գտնվող  «Christine» կինոթատրոնը, որտեղ էլ ամսի 22-ին տեղի կունենա «Բնություն» ֆիլմի պաշտոնական պրեմիերան։

Փելեշյանի «Բնություն» ֆիլմի հրեղեն աֆիշն արդեն կարելի է տեսնել Փարիզի մետրոյի կայարաններում։ Պրեմիերայի մասին հոդվածներ են գրվում կինոյին նվիրված բազմաթիվ թերթերում և իհարկե՝ «Cahiers du cinéma» ամսագրում։

Մեծ եռանդով նախապատրաստվող այս պրեմիերային բնականաբար մասնակցում է նաև Կարտիե ժամանակակից հիմնադրամը։ Այսպիսով, վստահաբար կարելի է ասել, որ փետրվարի 22-ը լինելու է Վարպետին նվիրված առանձնահատուկ օր:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն