Ուկրաինայի դեսպանը չի բացառել, որ Կիևը կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց. Պեսկովն արձագանքել է
Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամագրվելուց։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոն BBC ռադիոյի եթերում։ Լրագրողը դեսպանին հարց է տվել՝ արդյոք Ուկրաինան պատրաստ է դիտարկել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե դա դադարեցնի պատերազմը։
Պրիստայկոն հիշեցրել է, որ դաշինքին անդամակցելն ամրագրված է Ուկրաինայի սահմանադրությամբ։
«Մենք ճկուն ենք, մենք փորձում են գտնել խնդրի լուծման լավագույն եղանակը։ Եթե մենք ստիպված լինենք լուրջ զիջումների գնալ, ապա դա այն է, ինչ մենք կարող ենք անել», – ասել է նա։
Ավելի ուշ Ուկրաինայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ դիվանագետի խոսքերը կտրել են համատեքստից։
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի պաշտոնական հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալուց կօգնի բովանդակալից պատասխան ձևակերպել Ռուսաստանի անվտանգության մտահոգություններին, հաղորդում է ТАСС գործակալությունը։
Մեկնաբանելով Լոնդոնում Ուկրաինայի դեսպան Վադիմ Պրիստայկոյի խոսքերը՝ Պեսկովն ասել է, որ Կիևը խնդրել է դեսպանին պարզաբանել իր կարծիքը, այնպես որ դա հազիվ թե կարելի է ընդունել որպես փաստ՝ Կիևի հայեցակարգային արտաքին քաղաքական աշխարհայացի փոփոխության տեսանկյունից։
Hraparak.am



















