Տոնախմբվեց Տյառնընդառաջի տոնը
Փետրվարի 14-ին 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ։
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Սուրբ Պատարագի իր քարոզում Հայր Սուրբը, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար կարևորեց հույսի խորհուրդը, որով Սիմեոն Ծերունին երեք հարյուր և ավելի տարիներ սպասում էր Փրկչին տեսնելուն՝ հորդորելով հավատացյալներին նույն հույսով իրենց հայացքներն անշեղորեն ուղղել առ Աստված:
Աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հայր Սուրբը մաղթեց հավատավոր ժողովրդին, որ Սիմեոն Ծերունու հույսը յուրաքանչյուրի սրտում պտղաբերի, մշտապես լինեն խաղաղության մեջ և մի օր երանությունն ունենան ասելու՝ «․․․․իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ․ Բ 30-31):
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ:
hy.armradio.am