Մենք այստեղ առհասարակ գործ չունենք իրավական գործընթացի հետ, սա քաղաքական հետապնդում է. պաշտպանը՝ Արմեն Չարչյանի դեմ հարուցված գործի մասին
Արմեն Չարչյանը նախաքննության ընթացքում ասել է, որ չի ընդունում առաջադրված կասկածանքը, և մենք բոլոր հարցերին տվել ենք սպառիչ պատասխան՝ մենք չենք ընդունում կասկածանքը, կասկածանքի էությունը մեզ համար պարզ չէ և այստեղ այլ կարծիք չէր կարող լինել: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց Արմեն Չարչյանի իրավապաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով հրապարակված ձայնագրությանը, որի հիմքով մեղադրանք է առաջադրվել «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին:
«Եթե անդրադառնանք այդ ձայնագրությանը, պետք նշենք, որ ՀՔԾ-ի համար փաստացի ձերբակալման հիմք է հանդիսացել հենց այդ ձայնագրությունը: Հիմք է հանդիսացել տելեգրամյան ալիքի կողմից հրապարակված ձայնագրություն, և մենք գործ ունենք չբացահայտված աղբյուրի կողմից հրապարակված մի ձայնագրության հետ, քրեական դատավարության տեսությունում անհայտ աղբյուրի կողմից հրապարակված յուրաքանչյուր հայտարարություն, ձայնագրություն հավասար է անոնիմ հաղորդման, իսկ օրենսդրության համաձայն անոնիմ հաղորդումը չի հանդիսանում քրեական գործ հարուցելու օրինական առիթ»,- նշեց Էրիկ Ալեքսանյանը:
Պաշտպանը նաև ընդգծեց, որ այդ պարագայում իրականացվում են ստուգողական գործողություններ, եթե հաստատվում են հանցագործության հատկանիշները, միայն դրանից հետո քրեական գործ հարուցելու օրինական առիթ է հանդիսանում ստուգողական գործողությունների արդյունքը, բայց ոչ մի դեպքում անոնիմ հաղորդումը:
«Տվյալ դեպքում մենք բախվում ենք նույն իրավիճակին, և այդ անհայտ աղբյուրի կողմից հրապարակված այս ձայնագրությունը, որը մենք վիճարկում ենք, հավասարազոր է անոնիմ հաղորդմանը։ Տվյալ դեպքում պարոն Չարչյանի նկատմամբ ոչ միայն քրեական հետապնդում չէր կարող իրականացվել, այլ առավելևս չէր կարող ընտրվել այն հարկադրանքի միջոցը, որն ընտրվել է: Մենք այստեղ առհասարակ գործ չունենք իրավական գործընթացի հետ, սա քաղաքական հետապնդում է»,- նշեց նա:
Պաշտպաններից Արամ Վարդևանյանը ևս մանրամասներ ներկայացրեց և նշեց, որ Արմեն Չարչյանը ավելի քան կարող էր պիտանի աշխատանք կատարել ազատության մեջ գտնվելով, քանի որ պարոն Չարչյանը հազարավոր կյանքեր է փրկել, ի՞նչ շահեց ՀՔԾ-ն և պատվիրատուները:
«Կարող էին այլ հարկադրանքի միջոց կիրառել, ինչո՞ւ ձերբակալել: Իրավիճակներ են լինում, երբ ուղղակի զարմանում ես, երբ օրինակ քննիչը ծանոթանում է պարոն Չարչյանի բժշկական թղթերին և հասկանում է, որ Արմեն Չարչյանը պետք է որոշակի անհրաժեշտ դեղամիջոց ընդունի, իսկ քննիչը ճանաչում է նրան և տասնյակ քննիչներ գալիս են զուտ պարոն Չարչյանին բարևելու համար»,- ասաց Արամ Վարդևանյանը:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել էր Արմեն Չարչյանին, որն այսօր ազատ է արձակվել, քանի որ ձերբակալումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ: