Հունիսի 20-ը պատմական օր է. առաջին անգամ հանրապետության առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ղեկավարած քաղաքական ուժերը մասնակցում են խորհրդարանի ընտրությանը: 24–ժամյա լռությունից հետո կուսակցությունների և դաշինքների առաջին դեմքերը եկան քվեարկության:

Առաջինը «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եկավ ընտրատեղամաս ու մեկնաբանեց իրենց քաղաքական ուժի դեմ հակաքարոզչական թռուցիկների տարածման դեպքը. «Քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, ու արդեն կան կադրեր, ու այն փաստը, որ դեռևս չի բացահայտվել՝ ով է արել, ուղղակի մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ իրենց ուղղորդմամբ»,- ասել է նախագահ Քոչարյանը:

1/20 ընտրատեղամասում քվեարկեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։ Ասաց՝ հունիսի 21-ից երկրում ներքաղաքական համերաշխությունը վերականգնելու ժամանակն է սկսվելու:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը քվեարկեց Առինջի 29/29 ընտրատեղամասում: Հարցին, թե ինչ է պատրաստվում անել, եթե ընտրության արդյունքներն իրեն չբավարարեն, պատասխանեց. «Եթե ամեն ինչ կարգ ու կանոնով է ընթանում, անտեղի ինչո՞ւ աղմուկ բարձրացնել։ Եթե ժողովուրդը չի ցանկացել, ձայն չի տվել, ես ի՞նչ պետք է անեմ»:

«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանն իր քվեարկությունը կատարելուց հետո ասաց. «Սա ընտրություն է հանուն Հայաստանի լինելու և չլինելու միջև: Իշխանությունը հասկանում է, որ այլևս երբեք Հայաստանում վերարտադրվելու կամ իշխանություն կազմելու հնարավորություն չունի, ուստի վերջին ճիգերն է գործադրում՝ իշխանական աթոռներից կառչած մնալու համար»:

Երրորդ նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն էլ անդրադարձավ «Պատիվ ունեմ» դաշինքի անդամների հանդեպ ճնշումներ գործադրելու դեպքերին. «Ամբողջ իրավապահ համակարգը, հատկապես քարոզարշավի օրերին, ակնհայտ հրահանգավորումով լծված է մեր դեմ բիրտ ուժ կիրառելուն, անգամ անհասկանալի հրավերներ իրավապահ մարմինների բաժիններ, անօրինական խուզարկություններ՝ առանց դատարանի որոշման, անօրինական ձերբակալություններ, որոնք դատական ակտերով հաստատվել են և այսպես շարունակ»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրեսի»-ի՝ վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը նույնպես կատարեց իր քվեարկությունը, բայց առանց մեկնաբանության հեռացավ ընտրատեղամասից:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նույնպես քվեարկեց և հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու: Վարչապետի պաշտոնակատարը եկել էր ընտանիքի անդամների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն