ՀՀ ոստիկանության պատվիրակությունն այցելել է Եվրոպոլի գրասենյակ
Փետրվարի 10-ին Հաագայում Եվրոպոլի գրասենյակ է այցելել ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում են եղել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանը և ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Սեդրակյանը: Պատվիրակությանն ուղեկցում էին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և դեսպանության կցորդ Վիվիանա Քալաեջյանը։
Այցի նպատակն էր քննարկել 2021 թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի ստորագրած «Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագրի շրջանակներում համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես՝ տեղեկատվության փոխանակման և պահպանման, ազգային կոնտակտային կետի և կապի սպայի նշանակման, համաձայնագրից բխող հետագա անհրաժեշտ քայլերը, տեխնիկական և իրավական գործիքները և այլն։
Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը։ Արա Ֆիդանյանն իր խոսքում կարևորել է ՀՀ ոստիկանության և Եվրոպոլի միջև կնքված համագործակցության համաձայնագիրը՝ նշելով, որ այն լայն հնարավորություններ է ընձեռում կազմակերպված հանցավորության դեմ համատեղ պայքարի ոլորտում, մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, անօրինական միգրացիայի և այլ ոլորտներում տեղեկատվության փոխանակման գործում։
Արա Ֆիդանյանը ներկայացրել է նաև ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները։
Տիկին դը Բոլն իր հերթին պատրաստակամություն է հայտնել զարգացնել երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով հանցավորության դեմ համատեղ պայքարի կարևորությունը։
Համագործակցությունն ամրապնդելու նպատակով ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ՝ մասնավորապես 2022 թ. երկրորդ կիսամյակում Քեթրին դը Բոլի՝ ՀՀ այց կազմակերպելու վերաբերյալ։
Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև մի շարք հանդիպումներ Եվրոպոլի ղեկավար կազմի հետ. ներկայացվել են Եվրոպոլի օպերատիվ կարողությունները, վիճակագրությունը, իրավական կարգավորումները և այլն։ Հանդիպումներ եղան Վրաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի կապի սպաների հետ, ովքեր ներկայացրեցին իրենց գործառույթները։
Այցի ընթացքում պատվիրակությանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերել Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանությունը՝ ի դեմս դեսպան Տիգրան Բալայանի։
hy.armradio.am