Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից վերջին հակագլոբալիստական հայտարարությունը եւ դրան հետեւած քննարկումները այդ երկրի սոցկայքային սեգմենտում, ինչպես նաեւ ադրբեջանական մամուլում հրապարակված որոշ հոդվածներ այն մասին, թե Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն» է նախապատրաստվում, ինչ խոսք, հետաքրքիր են։ Թվում է, թե Ադրբեջանի նման տոտալ բռնապետական երկրում, որտեղ ամեն բան վերահսկվում է ամենախիստ կերպով, «գունավոր հեղափոխության» տեղ չպետք է լիներ, քանի որ տարատեսակ ուժեր պարզապես հնարավորություն չպետք է ունենային նման ծավալուն գործողություն կազմակերպելու եւ իրականացնելու համար՝ թեկուզ մարդկային ռեսուրսի տեսակետից, որքան էլ որ ադրբեջանական հասարակության ներսում լինեին խոր դժգոհություններ իշխանություններից։

Սակայն այն, որ Ալիեւը հայտարարում է, որ «սորոսականների» թիրախում Ադրբեջանի երիտասարդությունն է եւ «գլոբալիստները, սորոսականները թիրախավորել են երիտասարդությանը, ստեղծվում են ֆոնդեր, որոնք ակտիվորեն աշխատում են ադրբեջանական երիտասարդության հետ եւ կատարում հանգանակություններ», ցույց է տալիս, որ իրավիճակն այդ երկրում այնքան էլ միանշանակ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Իսկ պաշտոնական լրահոսը, ինչպես հայաստանյան պաշտոնականը, ցանկալին փորձում է իրականության տեղ ներկայացնել։ Ալիեւը, իհարկե, փորձում է ամեն բան ներկայացնել ի շահ իրեն, սակայն ադրբեջանական սոցկայքերում, հատկապես՝ տելեգրամյան ալիքներում, նրա այս հայտարարությունը միանշանակ չի ընդունվել։ Որոշ օգտատերեր հակադարձել են, որ եթե Ադրբեջանում ամեն բան կարգին է, մարդիկ կուշտ են ու ունեն աշխատանք, ապա ոչ մի Սորոս չի կարող ակտիվ գործունեություն ծավալել կամ հասնել հաջողության։

Օգտատերերի մեկ այլ խումբ էլ զարմացած է, որ Ալիեւը երիտասարդների հետ կապված մտահոգություն է հայտնում` նկատելով, որ որեւէ մեկը Իլհամ Ալիեւին չի արգելում վերահսկողություն հաստատել երիտասարդության նկատմամբ կամ ներդրումներ կատարել հանուն երիտասարդության լավ ապագայի։ Որպես օրինակ՝ նրանք նշում են, որ իշխանությունները կարող են, օրինակ, կրթական եւ զարգացման այնպիսի լավ ծրագրեր իրականացնել, որպեսզի երիտասարդները կարողանան ինքնադրսեւորվել, ինքնաիրացվել եւ ունենալ լավ ապագա։ Իհարկե, կան նաեւ Ալիեւին անվերապահ հավատացողներ եւ պաշտպանողներ, որոնք կարծում են, որ Ալիեւը ճիշտ է իր մտահոգություններում։ 

Օգտատերերից մեկը, ով հանդես է գալիս անանուն, գրել է․ «Ինչ-որ մեկը նրան կասի, որ Ադրբեջանում երիտասարդությունը չունի ապագա։ Վերջերս 20 տոկոսով բարձրացրին աշխատավարձերը։ Հարկերը հանած՝ դա կազմում է 60 մանաթ։ Մարդիկ փող չունեն, եւ նրա դատարկ խոսքերից ոչ մեկը կուշտ չի դառնա։ Ով վճարում է, նա էլ երաժշտություն է պատվիրում։ Եթե նախագահը չի մտածում մեր մասին, մեր ապագայի մասին, կգնանք նրա մոտ, ով մտածում է»։

Մեկ այլ օգտատեր էլ նկատել է, որ «պետության դեմ» եւ «Ալիեւի իշխանության դեմ» հասկացությունները տարբեր բաներ են, պարզապես Իլհամը չափազանց շատ է մնացել իշխանության եւ սխալ կարծիք ունի, թե պետությունն ինքն է, եւ ով իր դեմ է, նշանակում է՝ պետության դեմ է։ Ոմանք էլ կարծում են, որ Ալիեւն ինչ-որ բանի հոտ է զգացել, ու նրա մոտ հիստերիա է սկսվել, որն արտահայտվում է ընդդեմ Սորոսի հերթական արշավով։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն