Ուկրաինական կայծից Կովկասի հնարավոր ռիսկերը
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը Իրանի արտգործնախարար Աբդոլահիանի հետ զրույցում քննարկել է Ուկրաինան և Վիեննայի միջուկային բանակցությունը: Իրանի արտաքին գործերի նախարարի հետ հեռախոսազրույց է ունեցել նաև Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, որն ի դեպ մի քանի օր առաջ Մոսկվայում բանակցում էր Լավրովի հետ, ըստ Լավրովի՝ «խուլուհամրի» կարգավիճակով: Իրանի արտաքին գործերի նախարարի հետ Մոսկվայի և Լոնդոնի շփումները թերևս բավականին կարևոր են այն լարված զարգացման ֆոնին, որ առկա է Ուկրաինայի ուղղությամբ: Խնդիրն այն է, որ օդում առկախված պատերազմի և խաղաղության վատ հանգուցալուծումը, այսինքն Ուկրաինայի ուղղությամբ պատերազմը, կարող է լուրջ ռիսկեր առաջացնել Կովկասի կայունության համար: Եվ այստեղ իհարկե էական հանգամանքներից մեկն Իրանն է:
Ուկրաինական ճգնաժամում իրավիճակի անկառավարելի զարգացումը կարող է Կովկասում առաջացնել վակուում տարբեր, այդ թվում Իրանի ուղղությամբ, որի հարցը այժմ թերևս Կովկասի առանցքային հարցն է, թեև բավականին հանդարտ վիճակում գտնվող: Այն, որ Ուկրաինայի շուրջ բարդ բանակցության մեջ խրված կողմերը ժամանակ են գտնում Իրանի հետ հաղորդակցվելու համար, թույլ է տալիս ռիսկերի ու սպառնալիքների հնարավոր աճի ֆոնին նաև շոշափել որոշակի լավատեսական սցենարի հնարավորություն, որ չկա անկայունությունը նաև կովկաս-մերձավորարևելյան ուղղությամբ տարածելու շահագրգռություն: Իհարկե սա կախված է լինելու մի շարք գործոններից, որոնք հընթացս կարող են փոխվել, այդուհանդերձ Հայաստանի համար կարևոր է, որ առնվազն կա Իրանի հետ հաղորդակցման պատրաստակամություն, ըստ այդմ՝ իրավիճակի կայուն կառավարման հետաքրքրվածություն: Այդ ամենով հանդերձ, Հայաստանի համար շարունակում է հնարավոր ռիսկերի աճի ֆոնին առանցքային աշխատանքային ուղղություն դիտվել Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման հարցում աշխատանքը:
Այդ իմաստով ուշադրության է արժանի ՌԴ փոխարտգործնախարար Ռուդենկոյի հեռախոսազրույցը Հայաստանի ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական գործընթացում Հայաստանի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ, որի ընթացքում քննարկվել են կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Թեև ռազմավարական իմաստով հայ-թուրքական կարգավորումը Ռուսաստանի համար մեղմ ասած միարժեք հետաքրքրություն չէ և անգամ կարող է դիտվել ռազմավարական ռիսկ, սակայն ներկայիս փուլում Ռուսաստանն ունի այդ գործընթացի կառուցողականության տակտիկական հետաքրքրություն՝ Կովկասում կայունության երաշխիքները բարձրացնելու համար:
1in.am



















