Շինանյութերի տեղական արտադրությունն ընդլայնվում է
Կառուցապատման ակտիվացումը շղթայական էֆեկտով սկսել է աշխուժացնել շինանյութերի արտադրությունը։ Հայկական արդեն հինգերորդ ընկերությունն է մտել չոր շաղախների շուկա։
Քիչ այն կողմ մոնտաժված հոսքագիծը կարող է ժամում 8 տոննա սալիկի սոսինձ արտադրել։ էներգախնայող ու այս գործում max-ալ ավտոմատացված տեխնիկայի շնորհիվ, բիզնեսի ղեկավարը պնդում է, կարողանում են որակյալ ապրանք ստանալ հնարավորինս ցածր ինքնարժեքով, ինչի հաշվին մրցակցության խնդիր չունեն։ Արտադրանքն առայժմ ամբողջությամբ սպառում են տեղական շուկայում։
Արտաշես Պետրոսյան («Բեստ ֆրենդս» ընկերության տնօրեն) - Մենք արտահանում չենք պլանավորել, քանի որ շինարարական բում ա մեր մոտ, բայց եթե էդ բումը դադարի, ամենամոտ երկիրը Վրաստանն է, հնարավորություն կունենանք արտահանել:
Նորաբաց ձեռնարկության ամբողջ տեխնիկան Չինաստանից է բերվել՝ լիզինգով։ Գործարարը տվյալ դեպքում նույնիսկ վարկ չի վերցրել, միայն ասել է՝ ի՞նչ հոսքագիծ է ուզում: Մնացածը՝ արտերկրի գործարանի հետ պայմանավորվելուց մինչև պատվերը Հայաստան տեղափոխել-մաքսազերծելու խորհրդատվական ու ֆինանսական հարցեր, իրենք են հոգացել՝ հպարտանում է արտադրությունը տեսնելու եկած Լիզինգատուների ասոցիացիայի ղեկավարը։
Արսեն Բազիկյան (Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ) - Առանց շրջանառու միջոցներ հանելու բիզնեսից՝ հնարավորություն է ստեղծվում ձեռք բերել առանց գրավի, կա կանխավճար, դա մեր հաճախորդի մասնակցության չափն է, բայց մեծ մասամբ պրոյեկտը ֆինանսավորում է լիզինգային ընկերությունը:
Հոսքագծի արժեքը բիզնեսը վճարելու է աշխատել-շահույթ ստանալուն զուգահեռ։ Արտադրությունը թարմացնելու համար վերջին մեկ-երկու տարում մեր տնտեսվարողները սկսել են ավելի շատ օգտվել լիզինգից, ընդ որում՝ բոլոր ոլորտներում՝ արձանագրում է Բազիկյանը։
Արսեն Բազիկյան - Պահանջարկը բավականին մեծ է, եթե համեմատենք նախորդ տարվա հետ՝ եթե ոչ եռակի, ապա, հաստատ, կրկնակի մեծացել են ներդրումները:
Այս ընկերությունը, ի դեպ, բոլորովին վերջերս արդիականացրել է նաև տարիներ առաջ շահագործած պլաստիկե խողովակների իր արտադրությունը և դարձյալ՝ լիզինգով։ Կատակ բան չէ, ասում են՝ միայն կոյուղու հոսքագիծը, առանց տրանսպորտային ծախսի՝ 108 հազար դոլար արժե, մի քիչ պակաս՝ խմելու և ոռոգման ցանցի, նաև գազատարի խողովակ արտադրողն է։ Տեխնոլոգիական առաջընթացի հետ չվերազինվես, ժամանակին ներդրում չանես՝ ռիսկ կա, որ մրցակցությունից դուրս կմնաս, կկորցնես շուկան՝ անկեղծանում է գործարար Պետրոսյանը։
Արտաշես Պետրոսյան - էն մի հոսքագիծը րոպեում արտադրում էր 5 մետր, էս մեկը՝ նույն ծախսով արտադրում է 15 մետր, դրա համար որոշեցինք բերել սա, փոխել:
Խմելու ջրի և կոյուղու խողովակների հետ ընկերությունը Made in Armenia գրառումով նաև տարբեր շաղախներ է առաջարկում կառուցապատողին։ Կարճ ժամանակում համոզվեցին՝ ճիշտ էին մտածել, շինարարին էլ է ձեռնտու մի քանի ապրանքի կոմպլեքս մատակարարումը։ Այնպես որ, նոր-նոր բացած արտադրությունը պատվերի պակաս չունի։
1lurer.am