Ուղիղ. «Տաշիր գրուպը» Մոսկվայում հայկական արտադրողների համար առևտրային մեծ կենտրոն կբացի
«Հայ գործարարների ասոցիացիան» հայ գործարարներին աջակցելու և նրանց արտադրաքի արտահանումը խթանելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ անցկացնում է մեծածախ և մանրածախ առևտրի «Բուխտա Յուգ» նոր կենտրոնի շնորհանդեսը։ Բացումը նախատեսված է այս տարի Մոսկվայում։
«Բուխտա Յուգ» առևտրի կենտրոնը կառուցվել է «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից՝ Ռուսաստանի մայրաքաղաքում մեծածախ շուկայական համալիր ստեղծելու նպատակով։ Այնտեղ հայ արտադրողները կկարողանան ներկայացնել իրենց արտադրանքը, ինչը կնպաստի Հայաստանից արտադրանքի արտահանման խթանմանը:
Կենտրոնի տարածքում կտեղադրվեն շուրջ 1800 խանութներ և տաղավարներ, որտեղ անմիջապես մատակարարներից կներկայացվեն տարբեր ապրանքներ, այդ թվում՝ գործվածքներ, հագուստ, շինանյութ, սննդամթերք և այլն։
Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես կգան «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Ասոցիացիայի և հասարակական կազմակերպության զարգացման ռազմավարության մասին կպատմի հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը:
«Բուխտա Յուգ»-ի գլխավոր տնօրենը կներկայացնի կենտրոնի առավելությունները, առևտրային ձեռքբերումները և կենտրոնի տարածքում առևտրային կետեր տեղադրելու պայմանները:
Միջոցառմանը կարող են մասնակցել ընկերություններ, որոնք արդեն ներկայացված են կամ ծրագրում են մուտք գործել ռուսական շուկա։ Միջոցառման ընթացքում գործարարները հնարավորություն կունենան նախնական ամրագրում կատարել մեծածախ-մանրածախ կենտրոնում։
Հիշեցնենք, որ «Հայ գործարարների ասոցիացիան» ստեղծվել է ազդեցիկ հայ գործարարների կողմից՝ Հայաստանի և Ռուսաստանի գործարար համայնքի ուժեղացման նպատակով։ Նպատակի հիմքում երկու երկրների շուկաները միմյանց համար ավելի մատչելի դարձնելն է։
«Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախագահն ու համահիմնադիրը «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն է, որը հիմնադիրների թվում միավորել է այնպիսի հաջողակ հայ գործարարների, ինչպիսիք են Կամո Ավագումյանը, Արթուր Ջանիբեկյանը, Հայկ Իգնատյանը, Վարուժան Արթենյանը, Կարեն Ավագյանը և Արմեն Շահազիզյանը:
Մանրամասները՝ Armenia Today-ի ուղիղ հեռարձակմամբ։