«Մանկական եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրած և մեր երկրին հաղթանակ բերած երգչուհի Մալենան փետրվարի 15-ին այցելել էր Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ հանդիպելու քաղցկեղը հաղթահարած, ինչպես նաև այս պահին բաժանմունքում բուժում ստացող երեխաների և երիտասարդների հետ։



«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում երգչուհին ասաց՝ շատ ուրախ է, որ երեխաներն իրեն տեսնելու ցանկություն են հայտնել: «Եկել եմ նրանց հետ լավ ժամանակ անցկացնելու, ուրախանալու և մի փոքր դրական հույզեր պարգևելու: Կարծում եմ՝ այստեղից կհեռանամ նոր ընկերներ ձեռք բերած»,-նշեց նա:

Մալենան շեշտեց, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում իր հաղթանակը պայմանավորված էր հայ ազգի համախմբվածությամբ, իր թիմի քրտնաջան աշխատանքով: Մալենան  շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել և շարունակում են աջակցել իրեն:

Երգչուհին, որն օրեր առաջ Երևանում համերգով հանդես եկավ Ռուսաստանում գործունեություն ծավալող երգչուհի Քրիստինա Սիի հետ, տեղեկացրեց՝ առաջիկայում նախատեսում է երկրպագուներին ներկայացնել Քրիստինա Սիի հետ «Չեմ հասկանում» զուգերգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

Մալենայի հետ հանդիպման եկած Արմենը խոստովանեց, որ շատ է հավանել նրա «Քամի-քամի» երգը, որը հաղթանակ բերեց Հայաստանին: «Մալենան ասաց, որ մրցույթից հետո իրեն վիրահատել են: Կհարցնեմ, թե ինչն է եղել պատճառը: Հույս ունեմ, որ նաև կերգի մեզ համար»,-նշեց իննամյա Արմենը:



Մալենայի՝ կենտրոն այցելությունը կազմակերպվել էր «Ժպիտների քաղաք»  (City of Smile) բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում: «Ժպիտների քաղաք»-ի տնօրեն Էսթեր Դեմիրճյանն ասաց, որ Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը նշվում է 40 երկրում: «Հիմնական նպատակը հանրության ուշադրությունը խնդրի վրա սևեռելն է: Կարևոր խորհուրդը այն  երեխաների հաղթանակը տոնելն է, որոնք հաղթահարել են հիվանդությունն ու վերադարձել են կյանք: Դրանում շատ մեծ դեր են կատարել թե՛ հենց երեխաները, թե՛ նրանց ծնողները, թե՛ բժիշկները, թե՛ հիմնադրամներն ու պետությունները»,-շեշտեց Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ կարևոր է, որ հենց Մալենան է հյուրընկալվել հիմնադրամում, քանի որ նա էլ իր ոլորտում է հաղթանակ տարել՝ հաղթահարելով մի շարք դժվարություններ: «Դա կարող է ոգևորիչ օրինակ լինել երեխաների համար, հիշեցնել, որ ամեն բան կյանքում հնարավոր է, և հրաշքներ լինում են: Կարևորը ցանկանալն ու դեպի հաղթանակը գնալն է: Որքան շատ լինեն դրական հույզերը, այնքան բուժման ընթացքն ավելի սահուն կընթանա»,-նշեց Դեմիրճյանն ու տեղեկացրեց, որ մինչ օրս հիմնադրամում գրանցված 500 շահառու կա: Նրանցից շատերն ավարտել են բուժումը, մի մասը դեռ բուժվում է. կան երեխաներ, որոնք երեկ են գրանցվել: «Հասկանալի է, որ շահառուների թիվն անընդհատ աճում է: Տարվա ընթացքում մոտ 100 երեխայի մոտ է քաղցկեղ հայտնաբերվում, բայց ունենք նաև հաղթանակներ, որոնց մասին բարձրաձայնում ենք»,-շեշտեց Դեմիրճյանն ու հավելեց՝ հաղթանակներն են ոգևորում բուժվող երեխաներին և առաջ գնալու ուժ տալիս:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն