Դուք պատասխանատվություն եք ստանձնել աղքատությունը նվազեցնել մեր երկրում, ո՞նց եք պատրաստվում դա անել այս գնաճի պարագայում, մանավանդ, որ մերժում եք Աղվան Վարդանյանի նախագիծը՝ աշխատավարձերը բարձրացնելու. Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանն այս հարցին ի պատասխան ասաց. «Գնաճի դեմը աշխատավարձի բարձրացմամբ չեն առնում, անհնար է: Հակառակը, նման մոտեցումը կխթանի նոր գնաճի: Դա անառարկելիորեն բերելու է գնաճի նոր ալիքի եւ հետեւաբար այն նպատակը, որը հետապնդում է մեր ընդդիմադիր գործընկերը, չի հասնի դրանով»:

ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը ժամանակին ասել էր, որ գնաճը աղքատների վրա չի անդրադառնում, որովհետեւ այսպես թե այնպես փող չունեն ծախսելու, բացի այդ, լուծում էին առաջարկում, ասում էին՝ թող կարտոֆիլ ուտեն, հիմա ձեր լուծումը ո՞րն է՝ մի՞ս ուտեն, կարտոֆի՞լ ուտեն, թե՞ ի՞նչ ուտեն, երբ ամեն ինչ է թանկացել՝ Հովիկ Աղազարյանն ի պատասխան նախ արդարացրեց Հակոբ Հակոբյանին. «Ես կարծում եմ, Հակոբ Հակոբյանի տված պատասխանը լրագրողներին պայմանավորված է եղել էմոցիոնալ ֆոնով, իմ կողմից շատ սիրված լրագրողների կողմից սադրիչ իրավիճակ ստեղծելու հետեւանք է»:

Ինչ վերաբերում է աղքատներին Աղազարյանն ասաց, որ աղքատության դեմ պայքարը տեղի է ունենում կայուն տնտեսական իրավիճակում. «Երբ որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է տուրբուլենտ վիճակում՝ կորոնավիրուսով պայմանավորված, մյուս կողմից էլ տարածաշրջանում մենք գիտենք, որ գնաճն ավելի տանելի է Հայաստանում մյուս երկրների հետ համեմատությամբ, հետեւաբար պետք է մտածենք, որ ճիշտ քաղաքականություն է իրականացվում: Բայց այս պահին մենք ոչ թե պետք է պայքարենք աղքատությունը նվազեցնելու համար, որովհետեւ այդ հնարավորությունը մենք չունենք եւ առիթից օգտվելով ասեմ՝ բոլոր երկրներում կա աղքատության շեմ, մեր մոտ էլ կա ու այս պահին տնտեսական տուրբուլենտ իրավիճակում չենք կարող այդ շեմը նվազեցնել: Հետևաբար` պետք է փոխանակ պարոն Աղվան Վարդանյանի առաջարկած ձեւով պետբյուջեից միջոցներ տրամադրել, որը օգուտ չի տա, այլ կարելի է այդ միջոցների չնչին մասը տրամադրել թիրախային՝ մեր հասարակության անապահով խավերին օգնություն ցույց տալու համար, մինչեւ տնտեսական վիճակը կարգավորվի ու այն ժամանակ, ինչպես մեր ծրագրում գրել ենք, ձեռնամուխ կլինենք մինիմալ աշխատավարձի բարձրացմանը, այսինքն, կենսամակարդակի բարձրացման գնահատականին»:

Հարցին՝ նվազագույն կենսապահովման զամբյուղն ավելի մեծ է, քան նվազագույն աշխատավարձը ու հիմա դուք ինչքան էլ տուրբուլենտ մակրոտնտեսական ցուցանիշներ բերեք, քաղաքացին չի ստանում իր հարցի պատասխանը՝ ի՞նչ գնա առնի, որ ե՛ւ քաղցած չմնա, կուշտ լինի, ե՛ւ էժան լինի՝ Աղազարյանը պատասխանեց. «Շատ դժվար հարց էր, պատասխանելն էլ՝ կրկնակի դժվար, դրա համար եմ ասում, որ կառավարությունը պարտավոր է ուշադրության կենտրոնում պահել այն թիրախային խավերին, ում վրա ավելի շատ է ազդել այս իրողությունը եւ ցուցաբերվի թիրախային օգնություն»:

Ճշտեցինք՝ այսինքն, նպաստնե՞ր, բայց Նիկոլ Փաշինյանը դեմ էր նպաստներին՝ Հովիկ Աղազարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը դեմ էր նպաստներին ընդհանրապես: Բնականաբար, ավելի լավ է մարդը աշխատի, պետությունը ապահովի աշխատանքով ու նպաստ չստանան: Դա նույնիսկ ինչ-որ իմաստով վիրավորական է: Բայց այս իրավիճակում, որ կորոնավիրուսից բացի գտնվում ենք հետպատերազմյան իրավիճակում, թիրախային օգնությունները պարտադիր են»:

Հարցին՝ այսինքն, դուք չեք կարող կոնկրետ ապրանքատեսակ մատնանշել, որից մարդիկ կարող են օգտվել ու դա էժան լինի, գիտեմ, որ դուք էլ եք առեւտուր անում, սպառող եք նաեւ, ո՞ր ապրանքներն են էժան՝ նա պատասխանեց. «Այն ապրանքները, որոնք մեր ընտանիքում ամենօրյա օգտագործման ապրանքներ են, սարսափելի թանկ են այսօր՝ կարտոֆիլը, կաղամբը եւ այլն: Միսը ամեն օր չես էլ կարողանում ուտել, դա հնարավոր էլ չի, եթե ասենք մսի գները շատ չեն փոխվել, բայց կարտոֆիլի եւ մնացած ապրանքների գները փոխվել են ու դա էապես ազդում է շատ ընտանիքների բյուջեի վրա: Յուրաքանչուր ընտանիք պետք է նախ ինքը իր միջոցների շրջանակում մի քիչ վերադասավորի ֆինանսական ռեսուրսների ծախսումը: Ես չեմ կարող ասել, թե որ ապրանքներից օգտվեն, որպեսզի ավելի նպատակահարմար լինի, ամեն ընտանիք պետք է նեղություն քաշի եւ ինքը իր համար որոշի»:

Yerevan.today

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն