Ինչո՞ւ և որքանո՞վ  են ավելացել մեկ անձից կատարվող գնումները։ «Թափանցիկ, մատչելի ու հաշվետու գնումներ» ծրագրի շրջանակում իրականացված հետազոտություններից մեկով ուսումնասիրվել է մեկ անձից կատարվող գնումների, մյուսով՝ պետական գնումների բողոքարկման համակարգը։ Ուսումնասիրել են 2018-2020 թթ․մեկ անձից կատարված գնումների ծավալները։ Պարզել են, որ ցուցանիշը բարձր է համադրելի երկրների նույն ցուցանիշից։ Գնումների գերակշիռ մասը՝ 70,1 տոկոսը, բաժին է ընկել պետպատվերի շրջանակում մատուցված առողջապահական ծախսերին։

Գնումների ու հատկապես պետական գնումների ոլորտը տարիներ շարունակ համարվել է ամենառիսկայիններից մեկը։ Իսկ  վերջին տարիներին ավելացել են մեկ անձից կատարվող պետական գնումները։ 

2020 թ․ տվյալներով՝ Հայաստանի  պետական գնումների տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմել է 6,3 տոկոս, ինչը զարգացող այլ երկրների համեմատ բավական ցածր ցուցանիշ է։ Պետության կարիքների բավարարման նպատակով պատվիրատուների կողմից 2020 թ․ կազմակերպվել է 115 հազարից ավելի  ընթացակարգ՝ շուրջ 322 մլն դրամ ընդհանուր արժեքով։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 32 մլրդ դրամով, բայց գնման պայմանագրերի արժեքի շուրջ կեսը ՝44․5 տոկոսը, բաժին է ընկել մեկ անձից կատարված գնումներին։ Սա բարձր ցուցանիշ է համադրելի երկրների   համեմատ ՝ նշում են մասնագետները։

Մեկ անձից իրականացված գնումների գերակշիռ մասը՝ 70,1 տոկոսը, բաժին է ընկնում պետական պատվերի շրջանակում մատուցված առողջապահական ծառայությունների ծախսերին, 10 տոկոսը՝ բնական մենաշնորհ ունեցող հանրային ծառայություններին։ Հետազոտական խմբի ղեկավար, տնտեսագիտության թեկնածու  Հայկ Բեջանյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասում է՝ վերլուծել են ու հասկացել, թե ինչու են ավելացել մեկ անձից կատարվող գնումները․

«Վերլուծության արդյունքները ցույց տվեցին, որ մեկ անձից իրականացվող գնումների նման մեծ ծավալը պայմանավորված է մրցակցային և մեթոդաբանական խնդիրներով, որոնք օրենսդրական հիմք ունեն։ Այս պատճառով առողջապահության ոլորտի պետպատվերի, բնական մենաշնորհի՝ հոսանքի, գազի գնումները, որոնք այլընտրանք չունեն,  նույնպես համարվում են մեկ անձից իրականացվող գնումներ։ Սրանով է պայմանավորված, որ մեկ անձից իրականացվող գնումների թիվը մեծ է ստացվում»։ 

Ֆինանսների նախարարության գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանն ավելի վաղ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում  մանրամասնել էր, որ մեկ անձից կատարվող գնումներում  շուրջ 12 մլրդ դրամը հրատապ գնումներն են, 114 միլիարդը՝ մրցակցության բացակայությամբ պայմանավորվածները։ Պարզաբանել էր՝ մրցակցության բացակայությունը հիմնականում պայմանավորված է կազմակերպությունների մենաշնորհային դիրքերով։ 

«2020թ․ պետական մարմինների կողմից կազմակերպված գնման մրցակցային ընթացակարգերի միջին մասնակցությունը կազմել է 2․5։ Եթե նայենք  գնման տեսակներին, ապա բաց մրցույթներում այդ մրցակցության միջին թիվը 2․6 է, գնանշման հարցումներում՝ 2․5։ 2019-ի համեմատ՝ միջին մասնակցությունը կազմել է  2․6՝ 2020-ի 2․5 դիմաց»։

Հետազոտական խումբն առաջարկում է միանման գնման պահանջարկ ունեցող կազմակերպություններին կենտրոնացված ընթացակարգի միջոցով իրականացնել գնումները, սահմանել մրցակցային գնման միասնական  ձև։ Կարծում են՝ այդպես հանրային ֆինանսավորումն ավելի արդյունավետ կկազմակերպվի։

«Երբ վերլուծեցինք վերջին երեք տարվա տվյալները, պարզվեց, որ մրցակցային գնումների ժամանակ բավականին խոշոր խնայողություններ են իրականացվել։  Ի տարբերություն դրա՝ մեկ անձից իրականացված գնումների դեպքում 142 մլրդ դրամ գնման խնայողությունը 1 տոկոսից պակաս է եղել այն դեպքում, երբ մյուս մրցակցային ձևերում դա հասել է մինչև 5-6 տոկոսի»։

Խնդիրներ են արձանագրվել  նաև պետգնումների բողոքարկման համակարգում։ Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմենուհի Բուռնազյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ վեր են հանել պատվիրատուների կողմից չպահպանվող պայմանների մի շարք դեպքեր։

«Դեպքերից մեկն այն է եղել, որ պատվիրատուն գնումների ընթացակարգը կազմակերպել է ՝ առանց նախապես  գնումների առարկան ընդգրկելու  գնումների պլանում։  Օրենսդրությունը պահանջում է, որ գնման առարկան ընդգրկված լինի գնման պլանում։ Կամ՝ փոփոխություններ է կատարել գնման պլանում ու չի հրապարակել»։

Հետազոտությունն իրականացրել են հիմնականում միջին կազմակերպություններում, որոնց մեծ մասը  զբաղվել է ապրանքների մատակարարմամբ։ Նրանք հիմնականում դժգոհել են էլկտրոնային մրցույթներում առաջացող խնդիրներից։ Պետգնումներին մասնակից կազմակերպությունների մեծ մասն, ըստ Արմենուհի Բուռնազյանի, դժգոհել է գների դեմպինգից ։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուցպցիոն կենտրոնի տնօրեն Վարուժան Հոկտանյանին հետաքրքրում է  հարցը, թե քանի դեպքով է խնդիրը դիտարկվել դատարանում։ 

«Ի վերջո՝ ամենամեծ մտահոգությունն  այն է, որ արտադատական բողոքարկման համակարգը հունիսի 1–ից չի գործելու։ Դատական կարգով քանի բողոքարկում է եղել»։

Վիճակագրությունը դեռ ամփոփված չէ՝ արձագանքում է Արմենուհի Բուռնազյանը՝ նշելով, որ դատական կարգով բողոքարկման  8 դեպք է դիտարկվել։ Կարծում են՝ թիվը վերջնական չէ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն