Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել ՀՀ-ում գրանցված կուսակցության անդամներ
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Տիգրան Դադունցն այսօրվա խորհրդի նիստին ներկայացրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագծի հիմնական դրույթները։
Ըստ նախագծի՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորումն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլը ենթադրում է թեկնածուների կողմից հայտեր ներկայացնելը:
«Հանձնաժողովի կազմում չեն կարող ընդգրկվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված որևէ կուսակցության անդամ հանդիսացող, քրեական օրենսգրքով նախատեսված՝ դիտավորությամբ կատարված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, ինչպես նաև հանրային ծառայությամբ պաշտոններ զբաղեցնող անձինք»,- ասաց Դադունցը:
Հայտերին կից թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց ամբողջական փաստաթղթերը, որոնք կհիմնավորեն իրենց մասնագիտական գործունեությունը, աշխատանքային փորձը, նաև առաջարկվել է ներկայացնել տեսլական, թե ինչ խնդիր են տեսնում Սահմանադրության մեջ և ինչ լուծում են առաջարկում, որ հնարավոր լինի բացահայտել նաև թեկնածուի մասնագիտական ունակությունները:
1lurer.am