Կեսգիշերից արդեն կսկսվի քվեարկության արդյունքների նախնական ամփոփումը․ Տիգրան Մուկուչյան
Կեսգիշերից արդեն կսկսվի քվեարկության արդյունքների նախնական ամփոփումը, հուսանք՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներն արագ կիրականացնեն այդ գործառույթը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։
«Հիմա արդեն տեղամասերից սկսել են ստացվել տեղեկությունները մասնակցության թվի վերաբերյալ»,-նշեց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ եղել են դեպքեր, երբ 24-րդ համարի քվեաթերթիկի վրա եղել են տպագրական նշումներ, կամ դրանք եղել են ավելի երկար, քան մյուս քվեաթերթիկները, Մուկուչյանն արձագանքեց, թե չի ցանկանա առանձնացնել որևէ քվեաթերթիկի առնչվող խնդիր, նրա խոսքով՝ հանդիպել են նաև այլ դեպքեր, եղել են ահազանգեր։
«25 սուբյեկտի համար տպվել են առանձին քվեաթերթիկներ՝ բավականին կարճ ժամանակահատվածում, և այդ ընթացքում հնարավոր էր, որ ի հայտ գային առանձին խնդիրներ։ Չի կարելի այդտեղ որևէ միտում որոնել։ Մի բան փաստ է՝ եթե քվեաթերթիկի վրա առկա է որևէ տպագրական նշում, այն չի կարող ընկալվել որպես ավելորդ գրառում»,-ասաց նա։
Տիգրան Մուկուչյանը նաև հայտարարեց՝ ԿԸՀ-ի վրա որևէ ճնշում չի եղել։