Անցած շաբաթից գրանցում ենք կորոնավիրուսի թվերի կտրուկ նվազում, բայց դեռ օրական 1700-ից ավելի դրական դեպքեր ենք ունենում: Այս մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա ընդգծեց, որ թեև նվազման տեմպի մեջ են, բայց հիվանդանոցները շարունակում են բավական ինտենսիվ ռեժիմով աշխատել:

Նախարարի խոսքով՝ «Օմիկրոն» շտամի պարագայում դեպքերի մեծ մասը ավելի թեթև է ընթանում, բայց դա չի նշանակում, որ չկան ծանր դեպքեր, իսկ հոսպիտացվածների 88 տոկոսը չպատվաստված քաղաքացիներ են, որոնք բավական ծանր են տանում հիվանդությունը:

Ավանեսյանը նշեց, որ մի շարք կանխատեսումներ կան այն մասին, որ «Օմիկրոն» շտամը համավարակի վերջնական ակորդն է:

«Մեր կարծիքով՝ դեռ վաղ է հստակ որևէ բան նշել, բայց կարող ենք ասել, որ համավարակի փուլից դեպի էնդեմիկ հիվանդության փուլ կարծես արդեն նշմարվում է, սա նշանակում է, որ, այո՛, քովիդը մեր կենսակերպի մի մաս է, ցավոք սրտի, դառնալու՝ սեզոնային որոշակի ակտիվացումներով, բայց հստակ կերպով ասել, որ վերջանում է համավարակը, կարծում եմ՝ դեռ վաղ է»,- ասաց նախարարը: 

Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա դրանք, Անահիտ Ավանեսյանի խոսքով, ժամանակավոր բնույթ են կրում և միտված են այդ ընթացքում որոշակի խնդիր լուծելուն և ինքնանպատակ չեն: Մասնագիտական թիմը վերլուծում է, թե մարտի 1-ից հետո ինչ փոփոխություններ պետք է արվեն: «Առաջիկա շաբաթվա ընթացքում կիրազեկենք, թե որ սահմանափակումները կմնան, որոնք դուրս կգան»,- նշեց նախարարը:

«Օմիկրոնը», այո՛, ավելի թեթև է, բայց պետք չէ դրան թեթևամտորեն մոտենալ. շատ քաղաքացիների մոտ այն ցավոտ ընթացք ունի, առավել ևս՝ եթե պատվաստված չեն, մեր շաբաթական ուսումնասիրության արդյունքներով՝ շրջանառվող շտամն 90 տոկոսով «Օմիկրոնն» է, սա նշանակում է, որ և՛ հիվանդանոցային, և՛ մահվան դեպքերը կապված են «Օմիկրոն» շտամի հետ»,- ասաց նա:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն