400-450 մշտական աշխատատեղ. Կառավարությունն իր աջակցությունն է հայտնում խոշոր ներդրումային ծրագրին
ՀՀ կառավարությունը փետրվարի 17-ի նիստում հավանության է արժանացրել «Արդյունաբերական ջերմոցային համալիր» ներդրումային ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջարկվող նախագծով ուղղակի վաճառքի ձևով օտարվում է հողամաս, որը կօգտագործվի քաղաքացի Էդուարդ Օհանյանի կողմից Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում ծրագրի իրականացման համար: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը խոշոր ներդրումային ծրագրի մասին է:
«Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 48 մլն եվրո: Նախագծով կառավարությունն իր պատրաստակամությունն ու աջակցությունն է հայտնում ծրագրի իրականացմանը: Հողատարածքի ուղիղ վաճառքի գործարքի արդյունքում համայնքային բյուջե մուտք կլինի շուրջ 22 մլն դրամ: Ծրագիրն ընդհանուր առմամբ իրականացվելու է 115 հա տարածքի վրա, ընդգրկելու է Լճաշեն ու Վարսեր բնակավայրերի հողերը»,-ասաց նախարար Սանոսյանը:
Ծրագրով նախատեսվում է կառուցել 45 հա ընդհանուր տարածքով ջերմոցային խոշոր համալիր, 2.7 հա մակերեսով տարածքում արդյունաբերական տնկարան: Շինարարական աշխատանքների համար նախատեսված է 60 ամիս: Այդ ընթացքում ժամանակավոր 350-400 աշխատատեղ կստեղծվի: Ավարտից հետո սպասվում է, որ 400-450 մշտական աշխատատեղ կլինի: Նախարարն ընդգծեց, որ նախատեսված է, որ աշխատակիցների մոտ 75 տոկոսը կանայք են լինելու:
«Վերջնական արդյունքում տարեկան մոտ 12 հազար տոննա բանջարեղեն կարտադրվի, որի 80 տոկոսը նախատեսվում է արտահանել: Այս նախագծում կարևոր պայման կա, որ կառավարության այս աջակցության արդյունքում ձեռք բերված հողերը պետք է միայն ծառայեն այս ծրագրի համար»,-ասաց նախարար Սանոսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարությունը շահագրգռված է այսպիսի խոշոր ներդրումներով: Նա հանձնարարական տվեց, որ այս և մյուս ներդրումային ծրագրերի դեպքում, երբ դե յուրե որոշումները կայացված են, հետագայում հոգ տանել, որ բուն ծրագրի իրականացման համար հաջորդ օղակներում արհեստական խոչընդոտներ չստեղծվեն և ծրագիրը բնական ընթացքով առաջ գնա:
«Գլխավոր ուղերձը պետք է լինի այն, որ ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որևէ կերպ չխոչընդոտվի: Սա կարևոր է կառավարության համար, որովհետև մեր առաջ դրել ենք շատ հավակնոտ տնտեսական աճի ցուցանիշներ, իսկ դրա հիմնական մասը մասնավոր հատվածն է ապահովում: Հետևաբար, պետք է ամեն ինչ անենք, որ պետական ու մասնավոր ներդրումային ծրագրերն արհեստական խոչընդոտների չհանդիպեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Armenpress.am