Հայաստանի մարմնամարզության առաջնության հաղթողները հայտնի են
Երկօրյա պայքարից հետո Հայաստանի մարմնամարզության առաջնության հաղթողները և մրցանակակիրները հայտնի են:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկել է մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցել են բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, ով հավաքել է 80,7 միավոր և դարձել Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում 77,350 միավորով Գագիկ Խաչիկյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է 15-ամյա Համլետ Մանուկյանը (76,2 միավոր):
Ազատ վարժություններ ձևում 13.633 միավորով կրկին լավագույնը Արթուր Դավթյանն է: Վերջինս առաջին հորիզոնականը զբաղեցրեց նաև հենացատկերի, զուգափայտերի և պտտաձողի վարժություններում:
Նժույգ-թափերի վարժության ոսկե մեդալակիրը Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանն է, իսկ օղակներում լավագույնը Վահագն Դավթյանն է:
Կանանց պայքարում ազատ վարժությունում առաջին տեղում Մանե Պողոսյանն է, հենացատկերում` Մարիետա Բուչախչյանը, զուգափայտերում` Մանե Պողոսյանը, հավասարակշռության գերանի վրա` Աննա Մանթաշյանը:
Armenpress.am