«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը կհամագործակցի Լուվրի թանգարանի հետ: Ֆրանսիա կատարած այցի ընթացքում «Էրեբունի» թանգարանի տնօրենը հանդիպել է մի շարք մշակութային օջախների ղեկավարների հետ ու արժեքավոր պայմանավորվածություններ ձեռք բերել:

Միքայել Բադալյան («Էրեբունի» պատմահնագիտական թանգարանի տնօրեն) - Պայմանավորվեցինք, որ Լուվրի մեր գործընկերները կաջակցեն «Էրեբունուն»՝ թանգարանի նոր ցուցադրության ստեղծման հարցում՝ սկսած հայեցակարգից մինչև բուն ցուցադրության ստեղծման գործընթացը:

Ըստ պայմանավորվածության՝ նախատեսվում է իրականացնել փորձի փոխանակման ծրագրեր, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ «Էրեբունի» թանգարանի մասնագետների համար:

Միքայել Բադալյան - Այս առումով մենք խնդրել ենք, որպեսզի մեզ աջակցեն տեքստիլի և փայտի վերականգնման գործում մասնագետների վերապատրաստման գործում, ինչպես նաև պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա համագործակցության վերաբերյալ մասնագիտական բնագավառում, հատկապես ուրարտագիտության բնագավառում:

Ֆրանսիացի գործընկերներին ներկայացվել է Հայաստանում թանգարանաֆիկացման գործընթացում առկա խնդիրները՝ ակնկալելով Լուվրի աջակցությունը թանգարանում պահվող որոշ նմուշների: Բադալյանի խոսքով՝ չի բացառվում, որ առաջիկայում «Էրեբունի» թանգարանի որոշ նմուշներ ցուցադրվեն Լուվրում:

Միքայել Բադալյան - Մեր ֆրանսիացի գործընկերներն էլ բավական տպավորված էին «Էրեբունի» թանգարանում իրականացվող կրթական ծրագրերով: Թանգարանն այժմ 6 կրթական ծրագիր է իրականացնում, այս տարի դրանք առնվազն 3-ով կավելանան:

Ֆրանսիացի մասնագետները կաշխատեն նաև Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի հետ: Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ մեզ կփոխանցեն թանգարանային նմուշների պահպանման և վերականգնման ֆրանսիական մոդելը:

Խաչիկ Հարությունյան (Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն) - Ձեռք են բերվել պայմանավորվածություններ ֆրանսիական կողմի հետ՝ արդեն այս տարվանից սկսած իրականացնել գիտահետազոտական և վերականգնողների համար նախատեսված աշխատանքներ, դրանք կլինեն թրեյնինգների տեսքով, դրանք կլինեն հետազոտությունների տեսքով:

Հարությունյանը վստահ է՝ գործակցությունն արդյունավետ է լինելու, քանի որ միջազգային փորձը շատ կարևոր է մեր երկրի համար:

Խաչիկ Հարությունյան - Առիթ ունեցանք մանրամասն ներկայացնելու Հայաստանում, օրինակ՝ հուշարձանների փաստաթղթավորմանն ու անձնագրավորմանը վերաբերող հարցերը:

Հայաստանում իրականացվող հնագիտական պեղումներին նախորդող փուլերը, ներկայացրին նաև մեր կենտրոնի սարքավորումները, որոնք մեծ մասամբ նույնն են, ինչ Ֆրանսիայի հեղինակավոր կառույցներում:

Չի բացառվում, որ այս տարի Հայաստան կայցելեն նաև Լուվրի թանգարանի ներկայացուցիչները:

Հեղինակ՝ Էլեն Սարգսյան

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն