Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 17-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված 2020թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմում մարտական գործողություններին մասնակցած և թիկունքային տարբեր աշխատանքներում ընդգրկված քաղաքացիների կարգավիճակի հստակեցման հարցերին: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից։
Թեմայի շուրջ զեկուցմամբ հանդես են եկել ոլորտի պատասխանատուները, այնուհետև տեղի է ունեցել շահագրգիռ քննարկում: Երկրի ղեկավարը նշել է, որ խնդրի համապարփակ լուծման համար անհրաժեշտ են իրավական հստակ կարգավորումներ՝ հիմնվելով կատարված ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքների վրա:
Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ յուրաքանչյուր անձի ծառայությունը պետք է հավուր պատշաճի գնահատվի ու արձանագրվի կոնկրետ կարգավիճակով՝ միևնույն ժամանակ բացառելով ցանկացած չարաշահում ու կամայական մոտեցում:
Խորհրդակցությունը մասնակցում էր նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Armeniatoday.news