ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիսի 21-31-ը Երևանում կանցկացվի բռնցքամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնություն, որի կազմակերպման և անցկացման համար գործադիրը Բռնցքամարտի ֆեդերացիային հատկացրեց 77 մլն 768 հազար դրամ: Առաջնության ընթացքում ակնկալվում է ավելի քան 40 երկրից մոտ 280 մարզիկի մասնակցություն:

Վահրամ Դումանյան (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար) - Անհրաժեշտ 77 մլն 768 հազար դրամ գումարը կտրամադրվի ՀՀկրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելու արդյունքում:

Մարզական իրադարձությանը պատշաճ պատրաստվելու համար հավելյալ հատկացումներ ևս կլինեն: Գործադիրը գումար է հատկացնում նաև մարզահամերգային համալիրին:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Մարզահամերգային համալիրում մենք այս տարի  ևս մեկ համաեվրոպական նշանակության միջոցառում ունենք, խոսքը «Մանկական Եվրատեսիլի» մասին է: Ուզում եմ էկոնոմիայի և, ընդհանրապես, տուրիզմի ոլորտի մեր գործընկերների ուշադրությունը հրավիրել այս միջոցառումների վրա, որը, կարծում եմ, լավ առիթ է նաև, որ մեր տուրիստական ոլորտի ընկերությունները հետքովիդյան շրջանում ակտիվանան, և մենք տուրիստական հոսքերը վերականգնենք:

Էկոնոմիկայի նախարարն էլ տեղեկացրեց, որ հունիսի 1-3-ը Հայաստանում սպասվում է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովը, որը կանցկացվի Գյումրիի Սև բերդում: Իսկ սեպտեմբերին կկազմակերպվի «Սթարմուս» միջազգային աստղագիտական համաժողովը. խոշոր միջոցառմանը կմասնակցի 6 Նոբելյան  մրցանակակիր:

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարար) - Աշխատանքներ են տարվում, որ հունիսի երկրորդ տասնօրյակում Հայաստան գա հայ Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը, որը խոշոր միջոցառում է լինելու: Այս ամենը ոչ միայն զբոսաշրջային, մեծ ակտիվություն կմտցնեն մեր տնտեսական կյանքում:

300 ԴՊՐՈՑ ԵՎ 500 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ԿԲԵՐՎԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ

Կրթական գերատեսչության՝ 2022-ի բյուջեով նախատեսված կապիտալ ծրագրերով գործադիրը ավելի քան 3 մլրդ դրամի վերաբաշխում կատարեց: Գումարը կուղղվի 4 միջին մասնագիտական ուսումնական հաստատության շենքային պայմանների բարելավմանը, 22 մանկապարտեզի մոդուլային շենքերի կառուցմանը և նախագծմանը, 31 մոդուլային դպրոցի կառուցմանը և նախագծմանը, 2 դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը, 22 մարզադահլիճի կառուցմանն ու վերակառուցմանը, 1 բուհի հիմնանորոգմանը, 2 մարզադպրոցի կառուցմանը, 1 թանգարանի ջեռուցման, օդափոխության համակարգի ապահովմանը, 8 հուշարձանի վերականգնմանն ու նախագծմանը:

Նիկոլ Փաշինյան - Այս նախագիծը նույնպես շատ կարևոր նշանակություն ունի, որովհետև մեր ռազմավարական նշանակության ծրագրերի իրագործման մասին է: Առանձնանում է ծրագիրը՝ 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու, հիմնանորոգելու մասին: Այս նախագիծն ավելի լայն շառավիղ ունի. մի հատվածին անդրադարձել ենք Կառավարության նիստերով, վերաբաշխումներով, կամ կառուցումն ենք սկսել, կամ վերակառուցումը, և հիմա նաև հերթական տրանշներն ենք հատկացնում, որ շինարարությունները շարունակվեն և ավարտին հասցվեն: Մյուս կողմից՝ սկսում ենք նոր խմբի նախագծման կամ շինարարության աշխատանքները:

Վարչապետը հրապարակեց կառուցվող ու նորոգվող կրթամշակութային օբյեկտների ցանկը: Աշխատանքները կկատարվեն Երևանում ու մարզերի տասնյակ համայնքներում:

Նիկոլ Փաշինյան - Այս բոլոր նաև շատ կոնկրետ կապիտալ ներդրումներ են, որոնք էլի կոնկրետ ազդեցություն պետք է ունենան կրթության, սպորտի, զբոսաշրջության ոլորտում: Մենք բոլորս պետք է հետևենք, որ աշխատանքները կատարվեն պատշաճ որակով: Որակը, արձանագրենք՝ ոչ միայն տեխնիկական, որակը՝ նաև էսթետիկական, հատկապես վերականգնվող հուշարձանների դեպքում: Պարո՛ն Դումանյան, մեկ-երկուսի հետ կապված, որոնք վերականգնվում են, դիտողություն եմ արել, ակնկալում եմ՝ պատշաճ կիրականացվեն:

Արմեն Ղուլարյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Այս որոշմամբ՝ ավելի 50 օբյեկտի մասով, քանի որ մասնագիտական, հուշարձան են, թատրոններ են, կիրականացվեն կրթության նախարարության պատվիրատվությամբ: Համոզված ենք, որ ֆինանսավորման խնդիրը կլուծվի, և 50 օբյեկտինը ավարտին կհասցնենք:

Նիկոլ Փաշինյան - Լավ է, որ ավարտին կհասցնենք, ունենք պարտավորություն մինչև 26 թվականը 300 դպրոց և 500 մանկապարտեզ բերել աշխատանքային վիճակի, պետք է ուշադիր լինենք, որտեղ հնարավոր է՝ առաջանցիկ իրականացնենք:

48 ՄԼՆ ԵՎՐՈՅԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔՈՒՄ

Գեղարքունիքում կիրականացվի 48 մլն եվրոյի խոշոր ներդրումային ծրագիր: Գործադիրը կաջակցի Լճաշենում արդյունաբերական ջերմոցային համալիրի ստեղծմանը:

Գնել Սանոսյան (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար) - Որոշման ընդունումը պայմանավորված է Լճաշենի սեփականությունը հանդիսացող, հիմնականում գյուղատնտեսական այլ հողեր են և արոտներ, մոտ 51,4 հա ուղիղ վաճառքով օտարելու անհրաժեշտությունից: Գործարքի արդյունքում համայնքային բյուջե մուտք կարվի 22 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյան - Մեր ուղերձը պետք է լինի է էն կառավարման բոլոր օղակներին, որպեսզի ներդրումային ծրագրերի բնականոն ընթացքը որևէ կերպ չխոչընդոտվի: Սա կարևոր է նաև Կառավարության համար, որովհետև մենք շատ ամբիցիոզ տնտեսական աճի ցուցանիշներ ենք դրել, որոնց հիմնական մասը մասնավորն է, իհարկե՝ Կառավարության կապիտալ ծրագրերով:

Ծրագրով նախատեսվում է ստեղծել 400-450 մշտական աշխատատեղ, տարեկան 12 հազար տոննա բանջարեղեն կարտադրվի, 80 տոկոսը կարտահանվի:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն