«Հրապարակ». ՀՀ կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա
Մեր տեղեկություններով՝ մոտ օրերս Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին ՀՀ կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա։ Դրամաշնորհը տվել են ճապոնացիները, մեքենաների մրցույթը շահել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը փայաբաժին ունի: Այս ընկերությունն է ներկրելու շտապօգնության մեքենաները, բնականաբար՝ Toyota մակնիշի, հետո դրանք տեղում համալրելու է համապատասխան կահավորանքով եւ տրամադրի առողջապահության նախարարությանը։
Նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով․ «Հույս ունենք, որ հունիսին պիտի ստանանք մեքենաները։ Իրենք ճապոնական Toyota-ներ են՝ հագեցված բոլոր սարքավորումներով եւ հարմարեցված մեր ճանապարհների համար։ Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհի շրջանակներում իրականացրել է տենդեր, որը երկար պրոցեսներ անցնելու արդյունքում գնվել է իրենց կողմից եւ տրամադրվում է Հայաստանի Հանրապետությանը»։ Խոսքը մոտ 39 մեքենայի մասին է՝ Toyota Hiace մոդելի, որոնք նախարարությունը բաշխելու է Երեւանի եւ մարզերի ԲԿ-ների միջեւ։
Փաստորեն, ոստիկանության «Շկոդա»-ների փորձը դաս է եղել` հասկացել են, որ մեր պայմանների համար ոչ պիտանի մեքենաների ներկրումը կարող է հետո գլխացավանք դառնալ, եւ «Տոյոտային»` որպես մատակարար, հնարավոր չէ դուրս մղել դաշտից:
Hraparak.am