Բլինկենն ու Լավրովը հաջորդ շաբաթ կարող են հանդիպել
ԱՄՆ Պետքարտուղար Թոնի Բլինկենն ու Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առաջիկայում կարող են հանդիպել։ Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Պրայսը։
Նրա խոսքերի համաձայն, Բլինկեն-Լավրով հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա վերջում։ Հանդիպումը կկայանա Եվրոպայում, «պայմանով սակայն, որ Ռուսաստանը չի ներխուժի Ուկրաինա»,- ասել է Պրայսը։
Ամերիկացի դիվանագետը նկատել է, որ եթե ռուսներն առաջիկայում ներխուժեն Ուկրաինա, ապա դա կարող է լինել ապացույց, որ ռուսները երբեք էլ դիվանագիտությանը լուրջ չեն վերաբերվել։ Նշենք, որ Բլինկենը ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարել էր, որ ինքն է խնդրել Լավրովին հաջորդ շաբաթ հանդիպել Եվրոպայում։
Hraparak.am



















