Արցախի ԱԺ-ն ՄԽ համանախագահներին կոչ է անում անհապաղ վերսկսել ԼՂ հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ հայտարարություն է տարածել:
Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ Ազգային ժողովի հայտարարությունը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նախագիծն ընդունվել է 30 կողմ ձայնով։
Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, Արցախի ԱԺ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 1988 թվականի փետրվարյան օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունները հիմնովին փոխեցին ոչ միայն այնտեղ ապրող բնիկ հայ ժողովրդի, այլև նախկին Խորհրդային միության ժողովուրդների հետագա տարեգրությունը:
«Տասնյակ հազարավոր մարդիկ օգտագործելով ԽՍՀՄ-ում հռչակված ազատական ու ժողովրդավարական գաղափարները Ստեփանակերտում և այլ բնակավայրերում խաղաղ հանրահավաքների միջոցով ձգտում էին վերականգնել պատմական արդարությունը` հայկական մարզը Հայաստանին վերամիավորելու մի քանի սերունդների չիրականացված երազանքը:
Համաժողովրդական օրեցօր թափ առնող շարժումը իսկզբանե որդեգրեց խաղաղ ճանապարհով իրավական ու քաղաքական եղանակներով բարձրացված խնդիրը լուծելու վարքագիծ, ինչը աներկբա հաստատում ստացավ փետրվարի 20-ին` նախկին մարզի բարձրագույն ներկայացուցչական մարմնի` ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ արտահերթ նստաշրջանում: ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ԽՍՀ կազմից հանելու և Հայաստանի ԽՍՀ-ի վերամիավորելու մասին ընդունված պատմական որոշումը ազդարարեց Արցախյան ազգային ազատագրական պայքարի նոր փուլը` Ղարաբաղյան շարժումը քաղաքակիրթ, իրավական ճանապարհով առաջ տանելու, Արցախի ժողովրդի վճռականությունը:
Ցավոք, Ադրբեջանի ԽՍՀ ղեկավարությունը ունակ չեղավ օգտագործելու խնդիրը ճիշտ հանգուցալուծելու բացառիկ շանսը և արդյունքում տարածաշրջանը հայտնվեց տևական անկայունության և Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով հարցը լուծելու իր գայթակղությունների ցանցում:
Երկրամասի բնակաչության բացարձակ մեծամասնության կամքն ու ցանկությունը արտահայտող փետրվարի 20-ի որոշման արդյունքում Արցախը իրավմամբ դարձավ համայն հայության հպարտության և ազգային զարթոնքի խորհրդանիշ: Ղարաբաղյան շարժման ալիքը տարածվեց ամբողջ աշխարհում և հայության բոլոր հատվածների կազմակերպված պայքարի արդյունքում անցյալ դարի 90-ական թվականների սկզբին կազմավորվեցին հայկական երկու հանրապետությունները: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքին ու ներպետական օրենսդրության պահանջներին համապատասխան ձևավորված Արցախի Հանրապետությունը գիտակցված հանգրվան էր դեպի միասնական հայկական պետություն տանող ճանապարհին: Անչափելի թանկ գին է վճարել մեր ժողովուրդը Արցախի ազատության ու անկախության համար մղված պայքարում: Հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհաբերել` 1991-94 թվականների, 2016 թվականի քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների ընթացքում:
Արցախի Հանրապետությունը այսօր կա և շարունակում է միջազգային ճանաչման հասնելու իր պայքարը հենց այդ քաջազունների անձնազոհության շնորհիվ: Մեր խոնարհումը իրենց անմար հիշատակի առջև»,- նշված է հայտարարության մեջ:
Արցախի ԱԺ հայտարարության մեջ ասվում է, որ վերջին 34 տարիներին Արցախը անցել է կայացման ու զարգացման, հաղթանակների ու անհաջողությունների մի երկար ուղի և այդ ընթացքում ամրապնդվել է այն գաղափարը, որ հայկական Արցախի ապագան երաշխավորված է միայն ազատ ու անկախ ապրելու հեռանկարի մեջ:
«Արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքն ու կարծիքը Արցախի Հանրապետության Ազգային ժողովը վերահաստատում է իր հավատարմությունը 1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշմանը և վճռականությունը` պաշտպանելու հայրենի հողում ազատ ապրելու իր իրավունքը»- նշվում է հայտարարության մեջ:
Արցախի Ազգային ժողովը միջազգային շահագրգիռ կառույցների և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարանների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր ի վեր պայքարել է իր ինքնությունը պահպանելու համար, ստեղծել է նյութական ու մշակութային արժեքներ, որոնք այսօր վտանգված են Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության որոշ տարածքների բռնազավթման արդյունքում:
«Կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել և ԵԱՀԿ-ից ստացված մանդատին համապատասխան Ղարաբաղյան հակամարտության լուծման ուղղությամբ բանակցային գործընթացը վերսկսելու համար: Տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության կարելի է հասնել միայն Արցախի Հանրապետության ժողովրդի հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու ճանապարհով: Հենց այդ նպատակով արցախահայությունը 1988 թվականին սկսել իր ազատագրական պայքարը և պատրաստ է շարունակել այն վերջանական նպատակին հասնելու վճռականությամբ»,- հայտարարեց Արցախի Ազգային ժողովը:
Armenpress.am