Գագիկ Մկրտչյանն ընտրվել է նորաստեղծ Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրոյի նախագահ
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ ԵԱՏՄ հարթակում ստեղծվել է Եվրասիական ոսկերչական արտահանման բյուրո, որը ձևավորել է կառավարման մարմիններ և սկսել ակտիվ աշխատանքը։
Ոսկերչական բյուրոյի հիմնադիրների հանդիպման արդյունքներով հաստատվել են բյուրոյի կառավարման մարմինների թեկնածությունները, որոնք կզբաղվեն համաշխարհային շուկայում ինտեգրացիոն «հնգյակի» երկրների ոսկերչական արդյունաբերության զարգացմամբ և դիրքավորմամբ։
Բյուրոյի նախագահ (председатель) է ընտրվել ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Գագիկ Մկրտչյանը։ Այդ թեկնածությունը ռոտացիոն սկզբունքով հաստատվում է 2 տարի ժամկետով՝ այբբենական կարգով։
Բյուրոյի հիմնադիրների ընդհանուր ժողովը Բյուրոյի նախագահ (президент) է ընտրել եվրասիական տարածքում հայտնի պետական գործիչ Կարինե Մինասյանին, որը նշանակալի ներդրում է ունեցել եվրասիական ինտեգրման գործընթացների խորացման և ոսկերչական միասնական եվրասիական շուկայի ստեղծման գործում։
Եվրասիական ոսկերչական կազմակերպությունը համաձայնեցված գործողությունների միջոցով զբաղվելու է ապրանքների արտահանումը խթանելու և ծավալներն ավելացնելու հարցերով։
Բյուրոն արդեն ակտիվորեն սկսել է մշակել եվրասիական ոսկերչական հովանոցային ապրանքանիշի (umbrella brending) ստեղծման հնարավորություններն ու պայմանները։
Եվրասիական ոսկերչական բյուրոն ինքնավար և անկախ մարմին է, որը որոշումներ է կայացնում՝ ելնելով իր հիմնադիրների և ոլորտի մասնակիցների դիրքորոշումից և շահերից՝ նշված է նախարարության հաղորդագրությունում:
1lurer.am