Գլենդելում ընթանում է Հայ-ամերիկյան թանգարանի շինարարությունը
Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման հողային աշխատանքն ավարտված է․ նախաձեռնող խումբը հայտարարեց, որ շինարարությունը մտնում է նոր փուլ, և առաջիկա ամիսներին կկանգնեցվեն երկհարկանի շենքի պատերը։ Բարդ փուլն անցել են՝ ասում են պատասխանատուները:
Պերճ Կարապետյան (Հայ-ամերիկյան թանգարանի գործադիր նախագահ) - Արդեն սկսել են տեղադրել առաջին քարերը, այսօր կարևոր օր է. ըստ սովորության՝ նախքան շինարարությունը հոգևոր հայրերը օծեն վայրը և time capsul դնենք։
Թանգարանի հիմնարկեքի արարողությանը շենքի հիմքում տեղադրվեց նախաձեռնող խմբի առաջին ժողովի արձանագրությունը՝ մետաղյա պատյանի մեջ, որպեսզի սերունդներին փոխանցեն թանգարանը կառուցելու որոշման նախապատմությունը։ Համայնքը որոշումը կայացրել էր Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին՝ 2014-ին։ Երկու տարի անց Գլենդելի քաղաքապետարանը այս հողակտորը վարձակալությամբ տրամադրեց 95 տարի ժամկետով՝ խորհրդանշական մեկ դոլար արժեքով։
Արամ Ալաջաջյան (թանգարանի շենքի նախագծի հեղինակ) - Նախագծել ենք շենքը նոր սկզբունքներով՝ ճարտարապետական և շինարարական իմաստով, գոտիավորված են ցուցասրահները՝ տարբեր օդափոխության և էներգիայի տեխնիկայի հնարավորություններով, նույնիսկ ներքին հարդարումը մտածվում է, որ տեխնոլոգիաներով այնպես լինի, որ սա գալիքի համար է, ոչ թե միայն այսօրվա։
Հայ-ամերիկյան թանգարանը կառուցվում է Գլենդելի կենտրոնում։ Հարևանությամբ Հանրային գրադարանն է։ Շենքի ճակատային մասում ժայռատիպ բեկորները կխորհրդանշեն սփյուռքի գաղթօջախները՝ համախմբված միասնական տանիքի տակ։ Ժամանակակից տեխնիկական լուծումներն ու շինարարական նոր տեխնոլոգիաներն, ըստ նախագծողների, կառույցը դարձնում են ապագայի շինություն, որը շատ երկար կծառայի նպատակին։ Այն նաև Գլենդելի ամենամեծ թանգարանը կլինի և, ինչպես քաղաքապետն է ասում, քաղաքի զարդը:
Փոլա Դիվայն (Գլենդելի քաղաքապետ) - Սա ամենահրաշալի նախագիծն է, որում երբևէ ընդգրկված եմ եղել քաղաքային խորհրդում իմ աշխատանքի տարիներին։ Այս թանգարանը հնարավորություն կստեղծի ծանոթանալ հայկական մշակույթին ու պատմությանը ոչ միայն Գլենդելի, այլև ամբողջ նահանգի, ամբողջ Ամերիկայի ու աշխարհի համար: Գլենդելի բնակչությունը շատ բազմազան է, և կարծում եմ՝ կարևոր է, որ կողք կողքի ապրող համայնքները ճանաչեն միմյանց: Նախատեսում ենք, որ մեր դպրոցների աշակերտները ևս կայցելեն այս թանգարան:
Նախատեսվում է, որ Հայ-ամերիկյան թանգարանը կդառնա ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակույթը ներկայացնող կենտրոն։ Այստեղ կներկայացվեն շրջիկ և մշտական ցուցահանդեսներ, կստեղծվի թանգարանային արխիվ և ուսումնական կենտրոն։
Արմեն Բայբուրդյան (Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս) - Որովհետև գերժամանակակից է լինելու, այն լինելու է հայության նկարագիրը ցուցադրող, հայկական քաղաքակրթությունը ներկայացնող, բայց միևնույն ժամանակ հետամուտ է լինելու այսօր աշխարհին հուզող խնդիրներին՝ դրանով մեր հայկականությունը բարձրացնելով միջազգային ասպարեզ։
Թանգարանի շինարարությունը գնահատված է մոտ 35 մլն դոլար։ Առաջին միլիոնը դեռևս 2013-ին, նվիրել էր Կալիֆոռնիա նահանգը՝ հետագայում հատկացումը հասցնելով 9,8 միլիոնի։
Ադրին Նազարյան (Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի անդամ) - Որտեղ էլ հայերը ոտք են դրել՝ Սինգապուր, Կալկաթա թե Իսրայել, ամբողջ աշխարհում ոչ միայն մշակութային արմատներ են ձգել, այլև միավորել են տեղի հանրությանը։ Ես չափազանց հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ՝ մասնակցում եմ այս նախագծի մեկնարկին, որը կշարունակի միավորել Կալիֆոռնիայի բազմամշակութային համայնքը մեկ կենտրոնում՝ որպես դժվար փորձություններ ապրած տարբեր ազգությունների միավորման մոդել։ Սա նշանակում է՝ մենք ոտքի ենք կանգնում և կառուցում ենք մեր կրած փորձությունների վրա։
Հայ-ամերիկյան թանգարանի կառուցման նպատակով շուտով դրամահավաք կկազմակերպվի։ Ակնկալում է՝ կալիֆոռնիահայերի ակտիվ մասնակցությունը կարևոր գործին։ Այստեղ տեղադրված տեսախցիկի միջոցով համայնքը կարող է առցանց հետևել շինարարության ընթացքին։
Թանգարանի բացումը նախատեսվում է 2024 թվականին։
1lurer.am