Ինչով է պայմանավորված Հայաստանում ԵԱՏՄ-ի գործունեության մասին տեղեկատվության ցածր մակարդակը
Եվրասիական զարգացման բանկը 2021 թվականի օգոստոս–սեպտեմբերին ԵԱՏՄ 337 ընկերությունների շրջանում հարցում է իրականացրել՝ պարզելու և գնահատելու ԵԱՏՄ–ի և դրա ինստիտուտների գործունեության, այդ թվում՝ ընդունված որոշումների, ծրագրերի, կայացած միջոցառումների և նորամուծությունների վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունն ու չափը։ Հարցման արդյունքում Հայաստանյան ընկերությունների շուրջ 30 տոկոսը Եվրասիական միության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը բավարար չի համարել։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամ այլ երկրներում, օրինակ՝ Տաջիկստանում և Ղազախստանում, նույն հարցումները ցույց են տվել, որ ընկերությունների 50 տոկոսին բավարարում է կառույցի ինստիտուտների մասին տեղեկատվությունը:
Այս իրողությունը ի՞նչ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունի և ի՞նչ չափով է ազդել դեպի ԵԱՏՄ ապրանքների արտահանման ծավալի վրա: Տնտեսագետ, «tvyal.com» նախագծի ղեկավար Աղասի Թավադյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ԵԱՏՄ –ի գործունեության մասին տեղեկատվության ցածր մակարդակը պայմանավորված է օբյեկտիվ և սուբյեկտիվ գորոծոնների հետ: «Օբյեկտիվ պատճառն այն է, որ ԵԱՏՄ-ն համեմատաբար նոր կառույց է, օգտվողների թիվը միանգամից չի մեծացել, ըստ այդմ մեր գործարարների զգալի մասը չգիտի՝ ինչպես ձեռքբերել տեղեկատվություն, ինչ է այն իրենից ներկայացնում, ինչ հնարավորություններ կտա և ինչ խնդիրներ կլուծի: Բացի այդ՝ ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության ծավալը դեռևս չի հասել ցանկալի մակարդակի»,-ասում է փորձագետը: Իսկ սուբյեկտիվ գործոնն, ըստ Թավադյանի, այն է, որ մեր պետությունը դեռևս անելիքներ ունի տեղեկատվության ստացման հեշտացման գործընթացում: Անհրաժեշտ է,որ պատասխանատու մարմինները մշակեն ավելի հասանելի պորտալներ, մեխանիզմներ, որոնք կօգնեն տեղի գործարարներին ավելի լավ հասկանալու՝ ինչ պետք է անել, որպեսզի համագործակցության մակարդակը, ըստ այդ նաև շահույթը առավելագույնս մեծանա: «Իհարկե, համագործակցության մասին գիտելիքների տարածման առումով երկկողմանի որոշ քայլեր ձեռնարկվել են և ձեռնարկվում են, որոնք հեշտացնում են տեղեկատվության ստացման հասանելիության և մատչելիության մակարդակը՝ հաշվի առնելով,որ ԵԱՏՄ-ի համաձայնագրի հիմնական նպատակներն են՝ ԵԱՏՄ երկրների բազմակողմանի արդիականացումը, համագործակցությունը և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը: Սակայն պետք է նշել, որ այդ քայլերը դեռևս բավարար չեն լիարժեք բարձրացման համար»,-ընդգծեց տնտեսագետը:
Մեր զրուցակցի կարծիքով, թեև օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնները բնականաբար ինչ-որ ազդեցություն ունեն առևտրաշրջանառության ծավալների վրա, սակայն դրանք չեն կարող մեծ լինել, քանի որ այն հիմնականում կապված է մեր տնտեսության արտադրողական ներուժից և նշված երկրների պահանջարկից, լոգիստիկ հարցերից, նրանց հետ ունեցած համագործակցությունից, միջպետական աշխարհաքաղաքական հարաբերություններից և այլ գործոններից: Թավադյանը, անդրադառնալով առաջիկայում իրականացվելիք ԵԱՏՄ համագործակցության սերտացմանն ուղղված ծրագրերին, նշեց, որ սպասվում են ԵԱՏՄ երկրների միջև միջպետական նոր մեխանիզմների ներդնում, որոնցով նկատելիորեն հեշտացվելու է ՀՀ գործարարների գործունեությունը ԵԱՏՄ այլ երկրներում և հակառակը: Նրա նշեց, որ անհրաժեշտ է իրականացնել միջպետական գործարաններ կառուցելու ծրագրեր, որոնք Հայաստան կբերեն նոր ներդրումներ և տնտեսության զարգացման նոր հնարավորություններ: Մենք հետաքրքվեցինք՝ Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանման ինչպիսի՞ աճ ունենք այս տարիներին և ի՞նչ դիրքում է անդամ այլ երկրների համեմատությամբ: Ի պատասխան Թավադյանն ասաց. «Մեզ մոտ անդամակցությունից ի վեր արտահանման ծավալը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է մոտ երեք անգամ: Այս պահին Հայաստանի արտահանման 30 տոկոսը դեպի ԵԱՏՄ երկրներ են: Արտահանումը կարող է շատ ավելի աճել, եթե միջպետական գործարանների կառուցումը իրականություն դառնա:
Մեր զրուցակիցը ներկայացրեց Հայաստանից ԵԱՏՄ տարբեր երկրներ արտահանման աճի նախորդ տարվա ցուցանիշները: Արդյունքում 2021թվականին ամենամեծ աճը գրանցվել է դեպի Ղազախստան ուղղությամբ, որն, ըստ փորձագետի, մեզ համար չիրացված, բայց մեծ ներուժ ունի, իսկ դեպի ԵԱՏՄ ընդհանուր արտահանումը աճել է 12.9 տոկոս,որից դեպի Ռուսատան` 12.4 տոկոս, Բելառուս` 13.4 տոկոս, Ղազախստան` 51.0 տոկոս, Ղրղզըստան` 28.8 տոկոս: Նա նաև նշեց դեպի այլ ուղղություններ արտահանման տվյալները՝ ըստ որի դեպի Եվրամիություն արտահանումը աճել է 40.9 տոկոսով`կապված հիմնականում համաշխարհային շուկայում գունավոր մետաղների գնի կրկնակի աճի հետ,իսկ Եվրամիություն Հայաստանը հիմնականում արտահանում է հանքաքար հումքի տեսքով: սակայն նվազել է դեպի Միջին Արևելք արտահանումը ծավալը՝շուրջ 21,7%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է ծխախոտի և ծխախոտի արտադրանքի արտահանման նվազմամբ։
1in.am