ԶՈւ թիկունքի պետի՝ ատեստացիայի ներքո հեռացումն ավելի շատ հարցեր է առաջացնում․ Աբրահամյան
Հեղափոխությունից հետո տարբեր կադրային տեղաշարժերի մեծ հնարավորություններ չունենք, որովհետև երկրում ստեղծված վիճակը և՛ 2018 թվականից հետո, և՛ հետպատերազմյան իրավիճակում շատերին ստիպել է նաև քաղաքական դրդապատճառներից ելնելով դուրս գալ Զինված ուժերից։ Այսօր անընդհատ կադրային փոփոխություններ անելու, հրամանատարական կազմից զինվորականներին հանելու ճոխություն մեզ թույլ տալու հնարավորություն չունենք։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն՝ արձագանքելով Զինված ուժերում ԳՇ պետի տեղակալի և թիկունքի պետի ազատմանը։
Պատգամավորը միաժամանակ արձանագրեց, որ խոսքը չի վերաբերվում այն դեպքերին, երբ կան հիմնավորված մեղադրանքներ և քրեական գործեր։
Տիգրան Աբրահամյանը տեղյակ չէ, թե պաշտոնից ազատված նախկին բարձրաստիճան զինվորականներն անցնո՞ւմ են քրեական գործերով, թե՝ ոչ։
«Սպայական կադրային տեղաշարժերը բավականին մեծ առանձնահատկություններ ունեն և ցանկացած իշխանություն պետք է դրանք հաշվի առնի»,- նկատեց նա։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ ԶՈւ թիկունքի արդեն նախկին պետք Ռոմիկ Մարգարյանը 1990-ականներից ծառայում է բանակում, տարբեր ստորաբաժանումներ և զորամասեր է գլխավորել։
«Նա բավականին մեծ փորձ ունի։ Եվ, այսպես կոչված, ատեստացիայի ներքո նրա հեռացումն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Այս իշխանության ժամանակ կառավարման համակարգը, մասնավորապես՝ Զինված ուժերն անընդհատ ցնցումների մեջ է։ Դա ոչ այնքան ադրբեջանաթուրքական սպառնալիքներով և պատերազմով է պայմանավորված, որքան իշխանությունների պահվածքով, որոնք անխուսափելիորեն մեծ վնաս են հասցնում բանակին»,- ընդգծեց նա։
Անդրադառնալով առհասարակ վերջին շրջանում ՊՆ-ում իրականացվող կադրային փոփոխություններին՝ Աբրահամյանը շեշտեց, որ համակարգը գլխավորող պաշտոնյան նախ պետք է ոլորտին քաջատեղյակ լինի։
«Կադրային տեղաշարժերը պետք է լինեն տրամաբանված։ Այս իշխանության գլխավոր գործող սկզբունքն ամենուրեք յուրայիններ փնտրելն է, այս պարագայում տրամաբանական հիմնավորումներ փնտրել պետք չէ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Նշենք, որ փետրվարի 18-ին նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը հրամանագրեր է ստորագրել, ըստ ո րոնց՝ պաշտոնից ազատվել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Արամ Հարությունյանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ Ռոմիկ Մարգարյանը։
Ալեն Սիմոնյանի մեկ այլ հրամանագրով՝ այդ պաշտոնում նշանակվել է Արամ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո է Ռոմիկ Մարգարյանը նշանակվել այդ պաշտոնում։
Նա նախկինում եղել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի զինկոմիսար։
Ռոմիկ Մարգարյանը 1989-92-ին Բաղրամյանի շրջանի ՀՅԴ կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար է եղել, մասնակցել է Արցախյան ազատամարտին։
1992-94-ին եղել է Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի պետ, 1994-96-ին՝ հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար։
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, ՀՀ «Արիության» և ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։
Armeniatoday.news