Տնօրհնեք
Տնօրհնեք
Հոգևոր բարեպաշտական արարողություններից է տնօրհնեքը: Այն հատուկ է քրիստոնեական շատ եկեղեցիներին: Տնօրհնեքը, ինչպես վկայում է Սուրբ Գրիգոր Տաթևացին, հիմնադրվել է Հարուցյալ Փրկչի կողմից: Ավետարանի վկայությամբ Սուրբ Զատկի երեկոյան հարուցյալ Քրիստոս փակ դռների միջով մտավ Վերնատուն, ուր հավաքվել էին աշակերտները, և օրհնեց նրանց (Հովհաննես 20. 19-20):
Դեռևս առաջին դարից առաքյալները, հետևելով Քրիստոսի օրինակին, Նրա Լույս Ծննդյան ու Հրաշափառ Հարության Բարի լուրն ավետելու և օրհնելու համար այցելում էին հավատացյալների տները: Այսօր էլ նրանց հետևորդները՝ քահանաները, առաքելական նախանձախնդրությամբ, Սուրբ Ծննդյան ութօրյակին և Սուրբ Հարությունից մինչև Հոգեգալուստ, այցելում են իրենց համայնքի հավատացյալ զավակների տները և Ավետիսը բերելով՝ օրհնում նրանց և նրանց բնակարանները:
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին հաստատել է տնօրհնեքի արարողության երեք կարգ. Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և նորակառույց բնակարանի օրհնության: Տնօրհնեք կատարվում է նաև այն ժամանակ, երբ տանը խախտվում է խաղաղությունը, կամ զգացվում է չար ուժերի ներկայություն: Համաձայն Սուրբ եկեղեցու հայրերի՝ տան խաղաղությունը խափանվում է ընտանիքի անդամների անխոհեմ և քրիստոնյային ամենևին անվայել կյանք վարելու պատճառով: Իսկ տանը չար ուժերի առկայությունը ոչ միայն վերը նշված պատճառների, այլև կախարդության արդյունք է: Տան անդամներից մեկը, դիմելով մոգի, կախարդի, վնասում է և՛ իրեն, և՛ իր հարազատներին, և՛ իր տունը: Ե՛վ հնում, և՛ այսօր այդ կախարդությունները խափանվել ու խափանվում են միայն Հիսուս Քրիստոսի Ամենահաղթ Սուրբ Զորությամբ՝ հոգևորականների կողմից զորավոր աղոթքների ընթերցմամբ և տնօրհնեքի միջոցով: «Եվ ի վերջո, զորացե՛ք Տիրոջով և Նրա ամենակարող զորությամբ: Ձեզ վրա՛ առեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք դեմ կանգնել սատանայի հնարքներին» (Եփեսացիներ 6.10-11):
Տնօրհնեքի կարգը
Սուրբ Ծննդյան տոնի առթիվ կատարվող տնօրհնեքի ժամանակ, իբրև ադամորդու ֆիզիկական գոյության երեք հիմնական տարրեր, քահանայի կողմից օրհնվում է տան հացը, ջուրն ու աղը:
Սուրբ Ծննդյան տնօրհնեքի ժամանակ քանանան, տուն մտնելով, տալիս է ծննդյան ավետիսը, երգում Սուրբ Մովսես Խորենացու՝ այդ օրվան նվիրված «Խորհուրդ մեծ և սքանչելի» շարականը և Սուրբ Ղուկասի Ավետարանից ընթերցում Քրիստոսի ծննդյանը վերաբերող հատվածը: Ապա Սուրբ Ավետարանով և խաչով օրհնում է ընտանիքի անդամներին, տան բարիքները՝ հացը, աղը (որպես խաղաղության, մաքրության և բարեպաշտ կյանքի խորհրդանիշ) և ջուրը (որպես մկրտության խորհրդանիշ) այնպես, ինչպես Քրիստոս աշխարհ գալով օրհնեց ջուրը, երկիրը և նրա պտուղները, որոնք նախկինում անեծքի տակ էին Ադամի պատճառով: Ապա քահանան օրհնված ջրով խաչաձև ցողում է տան պատերը, խնկարկում է տունը և ընտանիքի անդամների համար Աստծուց խնդրում պահպանություն ու օրհնություն:
Սուրբ Հարության տոնին քահանան տնօրհնեքի արարողության ժամանակ երգում է Ներսես Լամբրոնացու «Այսօր յարեաւ ի մեռելոց» զատկական շարականը: Ապա Սուրբ Մատթեոսի Ավետարանից ընթերցում Քրիստոսի համբարձմանը վերաբերող այն հատվածը, ուր Հիսուս Իր առաքյալներին իշխանություն է տալիս և ուղարկում նրանց աշակերտ դարձնելու բոլոր ազգերին և մկրտելու Սուրբ Երրորդության անունով՝
ուսուցանելով պահել այն բոլորը, ինչ որ Ինքն է պատվիրել: Իսկ վերջում էլ ասում. «Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 18.16-20):
Սուրբ Զատկին բացի ջրից, աղ ու հացից (որպես Քրիստոսի Մարմնի խորհրդանիշ), օրհնվում է նաև գինի և ձու (քանի որ Հայ եկեղեցին մինչև Համբարձում է տնօրհնեք կատարում, ապա պարտադիր չէ ձվերը ներկված և խաշված լինեն): Ըստ Սբ. Գրիգոր Տաթևացու՝ ձուն օրինակն է աշխարհի. դեղնուցը խորհրդանշում է երկիրը, սպիտակուցը` ջրերը, թաղանթը՝ օդը, իսկ կեղևը` երկինքը: Կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը, իսկ կարմիր ներկված ձուն՝ Քրիստոսի արյամբ աշխարհի փրկվելը:
Ապա քահանան օրհնված ջրով խաչաձև ցողում է տան պատերն ու օրհնում տունը:
Նորակառույց բնակարանի տնօրհնեքի արարողությանը քահանան երգում է Սուրբ Սահակ Պարթևի Հոգեգալստյան «Այսօր երկնայինքն ուրախանան» շարականը: Սուրբ Ղուկասի Ավետարանից ընթերցում «Հիսուս և Զակքեոս մաքսապետը» (19.1-10) հատվածը, աղոթում «Տէր Աստուած ամենակալ»-ը և ինչպես Սուրբ Ծննդյան և Հարության տնօրհնեքի ժամանակ, խնկարկում է նորակառույց բնակարանը և օրհնված ջրով խաչաձև ցողում տան չորս կողմը:
Տնօրհնեքի արարողության վերջում, որպես օրհնության և առատության նշան, քահանան տան բնակիչներին մի նշխար է տալիս: Այն սրբությամբ պետք է պահվի ալյուրի մեջ կամ մի այլ վայելուչ տեղ:
Տնօրհնեքը ուրախությամբ և օրհնությամբ է լցնում տներն ու ընտանիքները: Այսօր անչափ դժվար է, հատկապես մայրաքաղաքում, որ քահանաները բոլորի տները այցելեն և տնօրհնեք կատարեն, ուստի անհրաժեշտ է, որ մարդիկ իրենք այցելեն եկեղեցի և դիմեն քահանային տնօրհնեքի կատարման համար:
«Եթե Տերը տունը չշինի, իզուր են չարչարվում այն շինողները, եթե Տերը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա» (Սաղմոս 126.1):
Սբ. Յարութեան Տաճար/ Church of the Holy Sepulchre