Ռուս գիտնական, արևելագետ և տնտեսագետ, միջազգային քաղաքականության ու տնտեսության ոլորտի առաջատար փորձագետներից Եվգենի Սատանովսկին Armenia Today-ի հետ զրույցում մեկնաբանել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Սատանովսկու խոսքով՝ այդ գործընթացում չկան իրական փաստեր, որոնք վկայում են դրական դինամիկայի մասին:

«Ոչ մի կերպ չեմ գնահատում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ես այն չեմ տեսնում: Որքան էլ մենք ասենք՝ հալվա, մարդու բերանը դրանից չի քաղցրանում»,-ասաց նա:

Սատանովսկին ընդգծել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ձգտում է վերահսկողություն հաստատել ամբողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ: Նրա խոսքով՝ Ադրբեջանի հետ դա հաջողվել է իրականացնել ամբողջությամբ, իսկ Վրաստանի հետ՝ մասնակի։

«Էրդողանը ցանկանում էր վերահսկել ողջ տարածաշրջանը, որը ժամանակին եղել է Թուրքիայի վերահսկողության տակ, ներառյալ՝ նաև Հայաստանը։ Վրաստանի հետ դա նրան հաջողվել է, օրինակ՝ այնտեղ լիովին վերահսկում է Աջարիան։ Ադրբեջանի հետ նրան դա հաջողվել է հարյուր տոկոսով, գործնականում Թուրքիան ամբողջությամբ վերահսկում է Ադրբեջանը: Անդրկովկասում մնում է Հայաստանը»,- ասաց փորձագետը։

Սատանովսկին հավելել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիան կարող է ազդել Անդրկովկասի երկրների վրա տարածաշրջանում վերահսկվող ջրային ռեսուրսների միջոցով:

Սատանովսկու խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին հնարավոր կլինի խոսել միայն Թուրքիայի կողմից իրական ժեստերի դեպքում։

«Հայաստանի պատմական տարածքի մեծ մասը Այսօրվա Թուրքիան է, Արարատ լեռը, Վանա լիճը՝ այն ամենը, ինչ այսօր կոչվում է Արևելյան Թուրքիա։ Երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես Գերմանիան ճանաչեց հրեաների Հոլոքոստն ու գնչուների ցեղասպանությունը, կփոխհատուցի բռնագրավված սեփականության դիմաց, այդ ժամանակ էլ կասեմ, որ հայ-թուրքական հարաբերությունները ջերմանալու շանս ունեն»,-նշեց նա։ Սատանովսկին նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունների, այսպես ասած, գործընթացին զուգահեռ Անկարան չի դադարեցնում իր հիստերիան միջազգային կազմակերպություններում: Փորձագետի դիտարկմամբ՝ խոսքը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այդ մասին հիշեցնելու փորձերի մասին է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն