Հրվ. Աֆրիկայի կառավարությունը ժողովրդին կոչ է արել վերջ տալ զանգվածային հորատումներին` հայտարարելով, որ հայտնաբերված ադամանդներն իրականում քվարցի բյուրեղներ են
Հարավային Աֆրիկայի կառավարությունը հայտարարել է, որ նախորդ ամիս գյուղերից մեկում հայտնաբերված խոշոր ադամանդներն իրականում պակաս արժեքավոր քարեր են` քվարցի բյուրեղներ, գրում է BBC-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ նախրապանը Կվազուլու Նաթալ նահանգի գյուղերից մեկում թանկարժեք քարեր է հայտնաբերել, ինչից հետո հազարավոր մարդիկ շտապել են քարերի հայտնաբերման վայր:
Սակայն թեստերի անցկացումից հետո, իշխանություններն ասել են, որ դրանք ոչ թե ադամանդներ, այլ քվարցի բյուրեղներ են:
Հատկանշական է, որ երկրի ամենաաղքատ հատվածներից մեկում ադամանդների հայտնաբերման մասին տեղեկությունն իրարանցում է առաջացրել ժողորդի շրջանում, որոնք աղքատությունից դուրս գալու հույս են նշմարել: Սակայն կառավարության հայտարարությունն ի չիք է դարձրել այդ հույսերը:
Կառավարությունը մարդկանց խնդրել է վերջ տալ տվյալ տեղանքում ապօրինի հորատումներին, որոնք իրականացվում են ադամանդներ գտնելու նպատակով: