2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահեցնում է՝ նիստերին հրավիրվող որևէ անձ չի կարող չներկայանալ:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց քննիչ հանձնաժողովի կողմից կազմակերպված աշխատանքային քննարկման բաց հատվածում:

Քոչարյանը հայտնեց, որ մասնակցում են անհետ կորած համարվողների, զոհված զինծառայողների ծնողների կողմից պատվիրակված  անդամներ, անկախ խորհրդատուների կարգավիճակով մասնակցում են Արտակ Գասպարյանը, Գարիկ Մխիթարյանը: Ներկա էր նաև Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը՝ որպես անկախ խորհրդատու: Փակ նիստերը տեսանկարահանվում են, որոնք արխիվացվում են, Քոչարյանը վստահեցրեց, որ որևէ դրվագ չի կորելու: Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքներին անձանց հրավիրում են ըստ անհրաժեշտության:

Քոչարյանի խոսքով՝ եթե կա անհրաժեշտություն, որ որևէ մեկը գա հանձնաժողով, ապա պետք է գա: «Որևէ մեկը չի կարող հրաժարվել այստեղ գալուց: Շատերը փորձում են քաղաքականացնել այս թեման, ասել, թե չեն ուզում գալ, հանձնաժողովը լեգիտիմ չէ: Ոչ, լեգիտիմ է ի սկզբանե, քանի որ սա սահմանադրական պահանջ է: Ավելին՝ շատ ավելի լեգիտիմ է, որովհետև առաջին անգամ մեր հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու են զոհվածների հարազատների պատվիրակած անդամներ»,-ասաց Քոչարյանը:

Ինչ-որ պարբերականությամբ հանձնաժողովի նախագահը անդամների թույլտվությամբ լրագրողներին կներկայացնի որոշ տեղեկություններ: Նա միևնույն ժամանակ շեշտեց, որ Պետական գաղտնիքի մասին օրենքն աշխատելու է ամբողջ ծավալով:

«Դժվար է ասել, թե եզրակացությանը երբ կհասնենք, բայց այդ եզրակացությունը պետք է լինի հնարավորինս անթերի: Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում ունեցանք եզրակացություն, բայց հիմնական դժգոհությունը, որ եղավ այն էր, որ եզրակացությունը հասարակությանը անհասանելի եղավ, բայց պետական կառույցներին դա եղավ հասանելի: Եվ կարծում եմ, որ որոշ ժամանակ հետո հասանելի կլինի նաև հասարակությանը»,-ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը չի պատրաստվում գնալ հանձնաժողովի նիստերին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ  Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու: «Այդ աշխատանքների բարոյական կարևորությունը շատ մեծ է: Պարոն Հակոբյանը, համոզված եմ, անպայման կգա հանձնաժողով: Հակառակ դեպքում նա պետք է հանրայնորեն պատասխանի այն հարցերին, որը պետք է իրեն տրվեր»,-ասաց Քոչարյանը՝ Հակոբյանին և առհասարակ բոլոր պաշտոնյաներին հորդորելով նման հայտարարություն չանել:

Աշխատանքային քննարկումը շարունակվեց փակ ֆորմատով:

Ընդդիմությունը նախօրոք հայտարարել է, որ չի մասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքներին:

Armenpress.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն