Համեստ տղան Գյումրիից․Ինչպես Վահանն իր թիմին դարձրեց Լեհաստանի առաջնության առաջատար
Ֆուտբոլի Լեհաստանի առաջնության 22-րդ տուրում միանձնյա առաջատար Պոզնանի «Լեխը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջեց Գդանսկի «Լեխին» նահանջելով երկրորդ հորիզոնական։ Առաջատարի սայթաքումից օգտվեց «Պոգոնը», որը 22-րդ տրում նույն հաշվով առավելության էր հասել «Ստալ Մելեցինի» նկատմամբ։ Հիշեցնենք, որ այս մրցավեճում «Պոգոնը» հաղթել էր 94-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի գոլի շնորհիվ։ Այս պահին «Պոգոնը» 46 միավորով գլախովորում է մրցաշարային աղյուսակը մեկ միավորով գերազանցելով «Լեխին»։ Երրորդ հորիզոնականում գտնվող «Ռակովն» ունի 42 միավոր։ 22-րդ տուրում «Ռակովը» ևս միավորներ է կորցրել սեփական հարկի տակ ոչ-ոքի 1։1 խաղալով «Գորնիկի» հետ։
Ինչևէ, Լեհաստանի բարձրագույն լիգայում երրորդ խաղում անընդմեջ Վահան Բիչախչյանը փոխարինման դուրս գալով դարձավ գոլի հեղինակ։ 21-րդ տուրում «Պոգոնը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության էր հասել «Զագլեբյեի» նկատմամբ: Դաշտի տերերին հաղթանակ էր պարգևել Բիչախչյանի 80-րդ րոպեին խփած գնդակը։ Ի դեպ, Բիչախչյանը փոխարինման էր դուրս եկել 72-րդ րոպեին։ Նորամուտը նշելով Լեհաստանի առաջնությունում Բիչախչյանը 20-րդ տուրի «Պյաստ Գիլիվցեի» դեմ սկզբունքային մրցավեճում 62-րդ րոպեին դուրս գալով փոխարինման 6 րոպե անց հաշիվը դարձրել էր 2։0։ Երրորդ խաղում անընդմեջ Բիչախչյանը դառնում է հաղթական գոլի հեղինակ։ Ցուցանիշն իսկապես ֆանտաստիկ է։ Բիչախչյանի գոլերի շնորհիվ չեմպիոնության համար պայքարող «Պոգոնը» հանգրվանեց առաջին տեղում։ Սա միայն պաշտոնական հանդիպումներում Բիչախչյանի գրանցած ցուցանիշն է։ Ընդհանուր առմամբ հայ ֆուտբոլիստը լեհական թիմի կազմում խփել է 8 գնդակ։ Բիչախչյանը «Պոգոնի» կազմում գոլերի հաշիվը բացել էր հունվարի 17-ին տեղի ունեցած շվեյցարական «Ցյուրիխի» դեմ նորամուտի խաղում։Այնուհետև աչքի էր ընկել ուկրաինական «Զարիայի» և գերմանական «Հանզայի» դեմ հանդիպումներում։ Փետրվարի 8-ին էլ «Պոգոնը» ստուգողական խաղում 7։2 հաշվով առավելության էր հասել «Օլիմպիա Էլբլոնգի» նկատմամբ։ Մեր ֆուտբոլիստը դուբլ էր ձևակերպել՝ աչքի ընկնելով 41-րդ և 48-րդ րոպեներին։
Այսպիսով 7-րդ խաղում անընդմեջ Բիչախչյանը գոլ է խփում իր նոր թիմի կազմում։ «Ստալ Մելեցինի» դեմ հանդիպումից հետո հայ ֆուտբոլիստը հայտնվել է լեհական մամուլի ուշադրության կենտրոնում։ Լրատվամիջոցները շռայլորեն գովաբանում են Բիչախչյանին նշելով, որ լեհական լիգայում հայտնվել է նոր «աստղ»։ «Վերջին անգամ Լեհաստանի «Էքստրակլասայում» նման մեկնարկ առաջին երեք խաղում գրանցվել էր երկու տարի առաջ։ Նման ցուցանիշ գրանցել էր «Լեխի» հարձակվող Միկայել Իսհակը: Ընդհանրապես 21-րդ դարում նման արդյունքով կարող են պարծենալ հաշված ֆուտբոլիստներ, որոնց թվում է Վահանը՝ համեստ տղան Գյումրիից, ինչպես նշված է «Պոգոնի» Թվիթերի էջում։ «Պոգոնի» ուշադրության է հրավիրում այն փաստի վրա, որ հայ կիսապաշտպանը նման արդյունքին հասել է բացառապես փոխարինման դուրս գալուց հետո»: Հիշեցնենք, որ հունվարի 10-ին մեր ֆուտբոլիստը 3․5 տարվա պայմանագիր էր կնքել «Պոգոնի» հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինայում»: The Guardian-ի վարկածով 2016 թվականին հայ կիսապաշտպանը դասվում էր աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստների շարքում։Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում Բիչախչյանը նորամուտը նշել էր 2020 թվականին: Մինչ այդ նա տպավորիչ ու արդյունավետ ելույթներով աչքի էր ընկնում Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։
Բիչախչյանի տեղափոխությունը «Պոգոն» կարելի է համարել նրա կարիերայում էական առաջընթաց։ Ըստ Transfermarkt պարբերականի նախորդ տարվա դեկտեմբերին Բիչախչյանի տրանսֆերային արժեքը ավելանալով 300 հազար եվրոյով, դարձել է 900 հազար եվրո։ Նույն պարբերականի համաձայն, «Պոգոնը» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է հենց այդքան գումար։ Բիչախչյանը դարձել էր «Պոգոնի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը։ Ի դեպ՝ Բիչախչյանը «Ժիլինայի» ամենաթանկ ֆուտբոլիստն էր:
1in.am