Փոքր դետալներն ավտոմատ շարելով է սկսվում տպասալիկի՝ պլատայի արտադրությունը։ Դիզելային գեներատորի լարման կարգավորիչ դառնալու համար այն հետո մտնում է փուռ՝ զոդման, դուրս գալիս ստուգման, ապա՝ վերստուգման համակարգչային խոշորացույցի տակ։

Սերժ Բեքերյան («ԽՆԿԻԿՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» ընկերության արտադրության մենեջեր) - Այստեղ մի հատ դեֆեկտ կա՝ շտկում ենք, հիմա նայում ենք, ոնց որ ուրիշ բան չկա:

Ավարտական փուլում արդեն մասնագետները տեղադրում են էլեկտրոնիկայի դետալներն ու փաթեթավորումից առաջ ուղարկում վերջնական թեստի։ Սարքը պետք է հաղթահարի սիմուլյատորի առաջացրած հաճախականության տատանումները, լարման շեմերը:

Գրիգորի Ալավերդյան («ԽՆԿԻԿՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» ընկերության տեխնիկական մասնագետ) - Ստուգում ենք հզորությունը 150-250 վոլտ, բայց մեզ պետք է 220, վերջ, կարելի է արտահանե՞լ․ այո:

Հայկական Խնկիկյան բրենդով է ապրանքը մտնում շուկա․ գրեթե ամբողջությամբ արտահանվում է։ Վերջին խմբաքանակն օրերս է դուրս եկել արտադրամասից, հիմա հերթական պատվերն են հավաքում՝ ասում է բիզնեսի սիրիահայ ղեկավարը։ Տարեկան մինչև 10 հազար կտոր նման սարք են արտահանում:

Շանթ Խնկիկյան («ԽՆԿԻԿՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԻՔՍ» ընկերության տնօրեն) - Արաբական տարբեր երկրներ՝ Ալժիր, Եգիտոս, Լիբանան, Սաուդյան Արաբիա, Լիբիա, Եմեն, այդ բոլոր երկրներ արտահանում ենք։ Հիմնականում արտահանում ենք գեներատորների լարման կարգավորիչներ, տարբեր չափսերի ունենք, տարբեր տեսակների:

Լարման կարգավորիչ, մարտկոցի լիցքավորիչ, հեշտ գործ չէ Էլեկտրոնիկա արտադրելը․ այս տիպի ընկերությունները Հայաստանում քիչ են։ Իրենք էլ գուցե ռիսկի չգնային, եթե՝ ընտանիքի Սիրիայում ունեցած ձեռնարկությունը, հայրիկի փորձն ու ամենակարևորը՝ ծանոթ շուկաները չլինեին։ Հայրենիք տեղափոխվելուց հետո՝ այստեղ են արտադրում արտահանվող ամբողջ տեսականին։

Շանթ Խնկիկյան - Սկսեցինք Հայաստանից արտահանել՝ ավելի լավ ընդունելություն գտավ՝ ավելի հետաքրքրիր դարձավ, քանի որ իրանց համար ոչ արաբական արտադրանքը՝ հայկական, իրանք անվանում են եվրոպական արտադրանք:

Բիզնեսը ժամանակին հիմնադրած ավագ Խնկիկյանն այժմ արտադրությանը կողքից է հետևում։ էլեկտրոնիկայի բնագավառի 52 տարվա փորձը, սակայն, չի թողնում պարապ մնալ։ Հերթական սարքն է հավաքել-փորձարկում սկսել։

Սավառնակ չէ՝ գլուխ չհանենք, կատակում է վարպետ Աբրահամը։ Նախագծումից մինչև պատրաստի արտադրանք՝ նոր ի՞նչ նմուշներ են պատրաստվում առաջիկայում արտադրել՝ ընկերությունում փակագծեր չեն բացում․ ասում են՝ կախված է պատվերից։

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն