Այն, որ խոսվում է ինքնահռչակ հանրապետությունները դե ֆակտո եղած սահմանով ճանաչելու մասին, դեռ որեւէ երաշխիք չէ. Հակոբ Բադալյան
Այն, որ խոսվում է ինքնահռչակ հանրապետությունները դե ֆակտո եղած սահմանով ճանաչելու մասին, դեռ որեւէ երաշխիք չէ, որ կա այսպես ասած վարչական դե յուրե սահմաններ դուրս գալու պլան: Ի վերջո, պաշտոնապես չեն հայտարարի, որ ճանաչում են դե յուրե սահմաններով: Ինչպես սպասելի էր եւ արդեն պարզ է, Ռուսաստանն ընտրել է պատասխանատվությունն Ուկրաինայի վրա թողնելու տարբերակը: Եթե հայտարարի, որ ճանաչում է դե յուրե վարչական սահմաններով, ապա այդ դեպքում ռազմական պլանի պատասխանատվությունը կվերցնի իր վրա:
Այդ իսկ պատճառով, հայտարարվում է դե ֆակտո սահմանով, այսինքն շփման գծով ճանաչման մասին: Իսկ ուղերձը Պուտինը ավարտում է հայտարարելով, որ Ուկրաինային կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը, այլապես հետագա զարգացումների ամբողջ պատասխանատվությունը կընկնի Կիեւի վրա:
Կրկնեմ, ռազմական պլանի պարագան նշանակելու է լայնամասշտաբ պատերազմ: Կասկած չկա, որ սցենարների մեջ Ռուսաստանը ունի դա: Հարցն այն է՝ կա՞ որոշում, թե՞ ոչ: Համենայն դեպս Պուտինի ուղերձի բովանդակությունն այնպիսին էր, որ փաստացի դնում էր համենայն դեպս դնում էր շատ ավելի մեծ հարց, քան միայն ինքնահռչակների խնդիրը:
Եվ թերեւս ուշադրության արժանի առանցքայիններից մեկը՝ Շոյգուի հայտարարությունը ԱԽ նիստում, որ Ուկրաինան ունի միջուկային զենք ավելի արագ ստանալու առավել մեծ ներուժ, քան Իրանն ու Հյուսիսային Կորեան՝ ունի ԽՍՀՄ-ից մնացած ենթակառուցվածքներ, անհրաժեշտ օբյեկտներ եւ մասնագետներ: Սա էլ, եթե խաղադրույքը բարձրացնելով նվազագույնին ուղղված հետեւանքը մեղմելու խնդիր չէ, ուրեմն առավել մեծ հարվածային խնդրի ձեւակերպման նախաբան է:
Հակոբ Բադալյան