Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այցելում է Կատար. Հակոբ Բադալյան
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին այցելում է Կատար: Այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների միջեւ գործակցության խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրում: Այդ թվում կարող է լինել խոշորագույն տնտեսական նախագծի՝ այսպես ասած «իրան-կատարական Լա Մանշի թունելի» կառուցման մասին ազդարարում, երկու երկրները Պարսից ծոցով միացնող ստորջրյա ավտոճանապարհի կառուցման մասին համաձայնություն:
Իրանի նախագահի այցը հատկանշական է փետրվարի սկզբին Կատարի Էմիրի վաշինգտոնյան այցի ֆոնին: Կատարի Էմիրը Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ նախագահ Բայդենի հետ, որը ազդարարեց Կատարին «ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակցի» կարգավիճակ տալու մտադրության մասին:
Իհարկե Բայդենն առայժմ այդ մասին չի իրազեկել Կոնգրեսին, ինչպես խոստացել էր: Արդյո՞ք դրա պատճառն այն է, որ Կատարի ու ԱՄՆ միջեւ կան ամբողջապես չպայմանավորված հարցեր, մասնավորապես կապված սեղմած գազի շուկայի հետ, որտեղ թե Կատարը, թե ԱՄՆ խոշոր խաղացող են եւ Վաշինգտոնը ձգտում է գործողությունների համադրման:
Բոլոր դեպքերում, մոտ երեք շաբաթ առաջ ամերիկա-կատարյան բարձր մակարդակի հանդիպման ֆոնին սպասվող իրան-կատարյան բարձր մակարդակի հանդիպումը բավականին ուշագրավ է, նկատի ունենալով նաեւ Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ բանակցության բավականին հակասական ընթացքը:
Ընդ որում, հարց է նաեւ, թե Վիեննայի՝ Վեցյակ-Իրան հակասական բանակցության ֆոնին, արդյո՞ք Վաշինգտոնն ու Թեհրանը ձեւավորում են այսպես ասած «զուգահեռ երկկողմ բանակցություն կամ հաղորդակցություն»՝ տվյալ դեպքում Կատարի հավանական «կապուղով»:
Հակոբ Բադալյան