Երեկ լրացել է խոշորացված Թալին համայնքի 28 համայնքների՝ վարչական շրջանների ղեկավարների պաշտոնավարման ժամկետը։ Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո 28 ղեկավարները ծանուցվել են, որ մինչեւ փետրվարի 21-ը պետք է ազատեն զբաղեցրած պաշտոնները եւ կնիքները հանձնեն նոր ներկայացուցիչներին, որոնց կնշանակի Տավրոս Սափեյանը։ Հիմա համայնքներում փաստացի ղեկավարներ չկան։ Չնայած Սափեյանն իշխանական ճնշումների արդյունքում դարձել է համայնքի ղեկավար, սակայն նրան ձայն տված ընդդիմադիր ավագանին բացարկ է ներկայացրել, իսկ ավագանու մյուս 2 խմբակցությունները հրաժարվում են մասնակցել նիստերին, ուստի նիստ չի գումարվում, իսկ ՔՊ-ն չունի մեծամասնություն՝ միայնակ նիստ անելու։

Եվ ստեղծվել է մի վիճակ, երբ Սափեյանը ընդամենը դեկորատիվ համայնքապետ է՝ ո՛չ երդվել է, ո՛չ ստանձնել լիազորությունները, ո՛չ կարող է որոշումներ ընդունել, ոչ՛ բյուջեն է հաստատվում, ո՛չ վարչական ղեկավարներ են նշանակվում։ Այսինքն, Թալինում 2 ամսից ավելի անիշխանություն է՝ կառավարման ճգնաժամ։ Եթե ընտրություններից հետո 3 ամիս ավագանու նիստ չհրավիրվի, ապա օրենքի պահանջով այստեղ  նոր ընտրություններ պետք է հայտարարվեն։

Թալինից տեղեկացանք, որ Սափեյանը ծանոթ-բարեկամների միջոցով փորձում է համոզել ընդդիմադիրներին՝ վերադառնալ, որպեսզի նիստ հրավիրեն։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն