Այսօր քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. «Եվրանեսթի» հայկական պատվիրակության ղեկավար
«Եվրանեսթի» քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով հարց: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը:
«Այս առավոտ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մեզ առցանց միացել էին փորձագետներ: Սենյակում էր գտնվում հայաստանյան փորձագետը, և առցանց Ադրբեջանից մի փորձագետ էր միացել, որից հետո մտքեր փոխանակեցին Հայաստանի պատգամավորները՝ գրեթե ամբողջ պատվիրակությունը, և Ադրբեջանի պատգամավորները:
Մեր եվրոպացի գործընկերներն էլ արտահայտեցին իրենց դիրքորոշումները: Այստեղ հույժ կարևոր եմ համարում տիկին Մարինա Կալյուրանդի դիրքորոշումը: Նա հանդիսանում է Հարավային Կովկասում Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչը: Այսօր նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ պատերազմը հակամարտության լուծման միջոց չէ, և որ ԼՂ հակամարտությունը դեռևս պետք է ստանա իր ամբողջական, համապարփակ, բանակցված, խաղաղ լուծումը»,- ասաց Կարապետյանը:
1lurer.am