Երկրորդ դեղաչափ ստացած 890 հազար անձանցից 3.6 տոկոսի մոտ է քովիդ թեստը դրական եղել. Գայանե Սահակյան
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացը շարունակվում է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
«Դեղաչափերի առումով արդեն մոտեցել ենք 2 միլիոն դեղաչափի շեմին: Այսօրվա դրությամբ արդեն ունենք պատվաստված 1 մլն 999825 դեղաչափ: Ըստ անձերի՝ մեծահասակ բնակչության շրջանում առաջին դեղաչափ ստացածների թիվը տոկոսային առումով 47.8 տոկոս է, երկրորդ դեղաչափը մոտ 40 տոկոսն արդեն ստացել է, և խթանիչ դեղաչափերը մոտ 1 տոկոսի շրջանակներում են»,- ասաց Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ պատվաստումները շարունակում են մնալ պայքարի ամենաարդյունավետ միջոցը:
«Պատվաստվածների և հիվանդացածների տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ ակտիվ դեպքերի մոտ 77,78 տոկոսը չպատվաստված է, հոսպիտալացվածների մոտ 82 տոկոսը չպատվաստված անձինք են, և վերակենդանացման բաժանմունքներում բուժում ստացողների շրջանում 80-82 տոկոսը չպատվաստված անձինք են»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ երկրորդ դեղաչափ ստացած 890 հազար անձանցից 3.6 տոկոսն է դարձել քովիդ դրական:
«Այս տոկոսային համամասնությունը վկայում է, որ պատվաստումներն արդյունավետ են, և գործընթացը պետք է շարունակել»,- ասաց նա:
ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալը նշեց, որ ԱՀԿ-ն բազմիցս խոսել է պատվաստումների արդյունավետության մասին, և այժմ երկրների առջև դրվել է հավակնոտ խնդիր, որ մինչև հուլիսի 1-ը բոլոր երկրներում մեծահասակ բնակչության առնվազն 70 տոկոսը պետք է ստանա երկրորդ դեղաչափ:
«Սա հենց արվում է այս արագ մուտացիաներից պաշտպանվելու, արագ վիրուսը շրջանառությունից դուրս բերելու համար: Մենք ևս այս պլանը դրել ենք մեր առջև, և ամեն ինչ անում ենք, որ հասնենք այդ ամբիցիոզ պլանին»,- նշեց Սահակյանը:
Նա բնակչությանը հորդորեց գնալ խթանիչ պատվաստումների, քանի որ վերլուծությունները ցույց են տալիս, որ այն մարդկանց շրջանում, որոնք ստացել են խթանիչ դեղաչափ, հիվանդացությունը ցածր է:
1lurer.am