Պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախագծին գործադիրը հավանություն է տվել. զինծառայության մասին օրինագիծն առաջիկայում կքննարկվի խորհրդարանում: Հայկ Սարգսյանը պատերազմից հետո այցելել է զոհված զինծառայողների ավելի քան 100 ընտանիքի. որդեկորույս ծնողները խնդրել են միջոցներ ձեռնարկել, որ կրտսեր որդիներին բանակ չզորակոչեն:

Հայկ Սարգսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Քանի որ նրանք ունեն և հոգեբանական խնդիրներ՝ հաշվի առնելով, որ նոր են կորցրել իրենց զավակին, նաև սոցիալական խնդիրներ ունեն, որ որդին մնա իրենց հետ, աշխատի, իրենց պահի: Հարցը քննարկել եմ դեռ մեկ տարի առաջ վարչապետի հետ, եղել է վարչապետի հանձնարարական, որ քննարկվի այս հարցը, և լուծումներ գտնվեն:

Զինծառայության մասին գործող օրենքով պարտադիր զորակոչի ենթակա չեն զոհված զինծառայողների եղբայրները, որոնք ընտանիքի միակ արու զավակն են: Օրենսդրական փոփոխությամբ՝ պարտադիր զինծառայությունից կազատվեն զոհվածի՝ զորակոչի տարիքի բոլոր եղբայրները՝ անկախ նրանից, քանի երեխա կա ընտանիքում:

Հայկ Սարգսյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ունենք դեպքեր, երբ զոհված զինծառայողի եղբայրը կամ որդին միակ արու զավակը չէ, ունեն ևս մեկ ավագ կամ կրտսեր եղբայր: Կսահմանվի, որ ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողի անդամը կազատվի պարտադիր զինվորական ծառայությունից, եթե այս պահին նորակոչիկի հայրը կամ եղբայրը, մայրը, քույրը պատերազմի ժամանակ, կազատվեն զինծառայությունից:

Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ջրականում զոհված Ժորա Եսայանը ընտանիքի 3 որդիներից ավագն էր: Միջնեկ որդին ևս այդ ժամանակ զինծառայության էր: Հիմա արդեն կրտսեր որդու՝ Արմանի բանակ զորակոչի ժամանակն է, 18-ը լրացել է հոկտեմբերին, հունվարին պետք է զորակոչվեր: Մինչև օրենքի ընդունումը նրան տրամադրվել է տարկետում:

Մարինե Հակոբյան (Ժորա Եսայանի մայրը) - Տղաներս, Ժորայի նման՝ երբեք չեն վախեցել ծառայությունից, անգամ փոքր տղաս ասում էր՝ պետք է ծառայեմ, եղբայրս ծառայել է, պարտք ունեմ, նպատակ կա: Արմանս շատ ցանկություն ուներ ծառայության, բայց ես՝ որպես ծնող, պատրաստ չեմ ուղարկել ծառայության:  Հոգեբանական աջակցություն ա, եթե Արմանը գնար, ինչպես կկարողանայի...

Նախաձեռնության հեղինակն ընդգծում է՝ օրենքի ընդունմամբ չի ընկնի զինված ուժերի մարտունակությունը: Հիշեցնում է գործող օրենքը, ըստ որի՝ զոհված զինծառայողի ընտանիքի զորակոչված անդամը ներգրավված է թիկունքային ծառայությունում, մարտական հերթապահություն չի իրականացնում:

Հայկ Սարգսյան - ՊՆ տված տվյալներով՝ եկող զորակոչին օրենքի շահառու է լինելու 11 զինծառայող, հաջորդ զորակոչին՝ 13 ծառայող, մոտակա 4 զորակոչերին մոտ 50 զինծառայող է օգտվելու այս օրենքից: Այս պահին ունենք 16 զինծառայող, ովքեր օրենքի հավանական շահառու են, և օրենքի ընդունվելուց հետո նրանք կզորացրվեն կամ իրենց ցանկությամբ կշարունակեն ծառայությունը: Ճանաչում եմ մեկ տարուց ավելի ծառայողի, որ մեկ տարի է ՝ ծառայում է, եթե ուզի՝ կարող է զորացրվել կամ անցնել պայմանագրային ծառայության:

Հայկ Սարգսյանը լիահույս է, որ Ազգային ժողովը կընդունի օրենքի նախագիծը, և, հավանաբար, մեկ-մեկուկես ամսից այն կմտնի ուժի մեջ:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն