Ադրբեջանի գործողությունները տեղավորվում են ցեղասպան քաղաքականության մեջ. Արման Թաթոյան
Արցախի դեմ 2020 թվականին սանձազերծած պատերազմը Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող ինստիտուցիոնալ հիմքերով ատելության ու թշնամանքի քաղաքականության հետևանք էր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը:
«Դա արվում էր երկու հիմնարար հենասյուներով՝ կրոնական ու էթնիկական պատկանելիություն: Արցախում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան էթնիկ զտումների հետևանք: Ընդհանուր առմամբ, այս ամենը տեղավորվում է ցեղասպան քաղաքականության մեջ»,-ասաց Արման Թաթոյանը:
ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ պատերազմի ընթացքում, դրանից հետո համագործակցել են Արցախի գործընկերների հետ, հավաքագրվել են պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցանքների ապացույցները: Արման Թաթոյանն այս գործում համագործակցության համար շնորհակալություն հայտնեց բոլոր ուժային կառույցներին:
Արման Թաթոյանը նշեց, որ հիմա էլ Հայաստանի սահմաններին շարունակվում են սպառնալիքներն Ադրբեջանի կողմից: Նրա խոսքով՝ չպետք է թույլ տալ, որ հասարակությանն ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով:
«Մենք պետք է ունենանք մեր սեփական երաշխիքները: Պատերազմ որևէ մեկը չի ուզում, թշնամանք, որևէ մեկը չի ուզում, բայց մենք չենք կարող մեզ մոլորեցնել ու համոզել, որ այդ ամենն ավարտված է: Այդ ամենն ավարտված չէ, և մենք պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները: Ժամանակը մեր դեմ է աշխատում, մենք պետք է արագ գործենք»,-ասաց Արման Թաթոյանը:
Armenpress.am