«Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանը ՀՔԾ-ում է, նրան մեղադրանք են առաջադրում
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանն այս պահին գտնվում է ՀՔԾ-ում, որտեղ նրան մեղադրանք են առաջադրում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր իշխանամերձ փաստերի ստուգման հարթակը հրապարակել է ձայնագրություն, համաձայն որի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը հորդորել է, որ աշխատակիցները պարտադիր կարգով մասնակցեն ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա կիմանա այդ մասին։ Ձայնագրության հրապարակումից հետո հաշված ժամերի ընթացքում ՀՀ ՀՔԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով, որի շրջանակներում նախ բերման են ենթարկել Չարչյանին և տեղափոխել ՀՔԾ, ապա ձերբակալելու որոշում կայացրել։ Պաշտպանները բողոք են ներկայացրել Չարչյանին ձերբակալելու մասին որոշման դեմ, ինչը բավարարվել է երեկ՝ քվեարկության օրը և նա դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Այսօր արդեն դատախազությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունները։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Վարույթն իրականացնող մարմինը Չարչյանին մեղադրանք է առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան