Այսօր Արցախում տեղի է ունենալու ինքնաբուխ հանրահավաք՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ նշելով, որ Արցախի ԱԺ երեք ընդդիմադիր կուսակցությունները մասնակցելու են այդ հանրահավաքին, որը տեղի կունենա ժամը 19:00 Ստեփանակերտի Վերածնունդի հրապարակում:

«Դա Արցախի հայերի իմիջի պահանջն է: Արայիկ Հարությունյանը երեկ գտնվում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբում, երբ նրան հարցրեցին, թե նա ինչ է անում, Հարությունյանը ընկավ խուճապի մեջ, քանի որ հասկացավ, որ իր համար ճանապարհը դեպի Արցախ՝ փակ է: Նախագահից նա վերածվեց ՔՊ-ական ակտիվիստի՝ իր քաղաքական թիմով հանդերձ», - շեշտել է պատգամավորը:

Հակոբյանի դիտարկմամբ՝ Արայիկ Հարությունյանը և իր թիմը աշխատել են այն մարդկանց համար, որոնք վաճառեցին Արցախի մեծ մասը թշնամուն: «Հարությունյանի ձեռքերը մեր զոհված երեխաների արյան մեջ են: Արցախի նախագահը պետք է պատասխանատվություն կրի իր մեղքերի համար», - ասաց նա:

Արձանագրելով, որ Հայաստանում վերարտադրվել է ազգակործան իշխանությունը՝ Մ. Հակոբյանը նշեց, որ Արցախը կապ չի կարող ունենալ այդ դավաճան իշխանության հետ:

«Մենք Մայր Հայաստանի մի մասնիկն ենք, և ողջունում ենք այն մեր հայրենակիցներին, որոնք չեն քվեարկել այդ դավաճանի օգտին: Սակայն, մենք այլևս կապ չենք կարող ունենալ Հայաստանի իշխանությունների հետ: Մենք պետք է ամեն գնով ազատվենք այստեղի իշխանություններից և թույլ չենք տալու, որ իրենք որևէ մասնակցություն ունենան Արցախի կյանքում», - նշել է Արցախի պատգամավորը ու ընդգծել, որ Արցախում պետք է ձևավորվի նոր իշխանություն, քանի որ Հարությունյանը աջակցելու է Հայաստանի դավաճան իշխանություններին:

Պատգամավորը չի հավատում, որ Հայաստանում կայացած ընտրությունները եղել են բաց և թափանցիկ՝ հիշեցնելով, որ Արցախում կայացած վերջին ընտրությունները նույնպես կեղծվել են:

«Հայաստանի իշխանությունները ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի Արցախի նախագահ դառնա Արայիկ Հարությունյանը: Նրա կուսակցությունը ընտրակաշառք էր բաժանում և գործի էին դրել ողջ ադմինիստրատիվ ռեսուրսը: Մարդիկ կային, որոնք քվեարկում էին այն մարդկանց փոխարեն, որոնք չէին եկել ընտրություններին», - շեշտեց Հակոբյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի չընտրվի Վիտալի Բալասանյանը, քանի որ վերջինս միակն էր, որը քննադատում էր ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը Արցախում: Այն ինչ գործարկվեց Արցախում, եղավ նաև Հայաստանում:

«Այս ընտրություններին, 30 տարվա մեջ առաջին անգամ, Հայաստանի իշխանությունները Արցախից դիտորդական առաքելություն չէին հրավիրել: Ես այս ընտրությունները ընդունում եմ որպես ազգի պարտություն, պետականության կորուստ: Եթե այսպես գնա, մենք կկորցնենք Հայաստանը: Ստացվում է այն, որ մենք կորցրել ենք Արցախի 75%-ը, ունենք Եռաբլուր, ունենք գերիներ, այս ամենը ճիշտ չէր: Մենք Արցախում զգուշացնում էինք, որ եթե ընտրվի Արայիկ Հարությունյանը մենք կկորցնենք Արցախը, հիմա նույնը, ցավոք, սպասվում է Հայաստանին», - ասաց պատգամավորը:

Հեղինակ՝ Անի Մշեցյան



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն