Առավոտյան իրավիճակը լարված էր, սակայն հիմա արդեն կայունանում է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։

Ըստ նրա՝ առավոտյան ուժեղ հրետակոծություն է եղել, սակայն այժմ արդեն քաղաքում հանգիստ է։ Հոգևոր թեմի առաջնորդը վստահեցնում է՝ հայ համայնքի ներկայացուցիչները ապահով են, բոլորի հետ պարբերական կապի մեջ են։

Ըստ Տեր Նարեկ քահանա Ամիրյանի՝ Դոնեցկում և Լուգանսկում շուրջ 7-10 հազար հայ է ապրում։ Մեծ մասը տարհանվել է, սակայն համայնքում դեռ հայեր կան։

Տեր Նարեկ քահանա Ամիրյանն ասում է, որ մշտական կապի մեջ են նաև Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ` անհրաժեշտության դեպքում Հայաստան վերադառնալ ցանկացողներին օգնելու համար, սակայն այս պահին դեռ ցանկացողներ չկան։ Ուկրաինայի թեմի հոգևոր հովիվը վստահեցնում է՝ այս պահին միայն անորոշությունն է, անհանգստություն, տագնապ և վախ չկա։

«Առավոտյան բավականին ուժգին հրետակոծություններից մենք արթնացանք, կեսօրին մոտ իրավիճակը արդեն բավականին հանգիստ էր, այս պահին միայն հեռվի կրակոցներն են լսվում։ Անկեղծ ասած` մտահոգություններս հիմնականում շփման գծի մոտ ապրող հայերի համար է, բայց կապվել ենք, Փառք Աստծո, ամեն ինչ լավ է։

Քաղաքում տեղաշարժ կա, քաղաքը քնած չէ։ Մինչ այս պահը բոլոր ենթակառուցվածքները բացի կրթական հաստատություններից գործում են։ Լուգանսկի հայ համայնքի հետ կապվեցի, այնտեղ իրավիճակը մի քիչ ավելի թեժ է։ Եվ Դոնեցկից, և Լուգանսկից ունենք հայկական ընտանիքներ, որոնք ավելի ապահով տեղեր են տեղափոխվել, բայց կան նաև հայեր, որոնք մնացել են։ Այս պահին այստեղ խուճապ չկա, միայն անորոշություն է։ Շատերը անհանգստաում են իրենց բարեկամների ու հարազատների համար, որոնք շփման գծի մյուս կողմում են»,– ասում է Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ամիրյանը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն