Հայտարարվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան՝ մոտ 60 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների ձեռքբերման նախաորակավորման մրցույթը՝ ՏԿԵ նախարարը տեղեկացնում է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:

Գնել Սանոսյան (ՀՀ ՏԿԵ նախարար) - Կարծեցինք, որ կարիք կա Հայաստանում գործող դեսպանատներին ծանոթացնել ծրագրի մանրամասներին, նաև տեսահոլովակներ ենք պատրաստել՝ հույս ունենալով, որ նրանք իրենց երկրներում գործող խոշոր շինարարական ընկերություններին այդ ինֆորմացիան կփոխանցեն և միջոց կհանդիսանան այդ ընկերություններին այս մրցույթում ներգրավելու:

Ծրագրի մասին խոշոր շինարարական կազմակերպություններին իրազեկում են նաև տարբեր երկրներում գործող մեր դեսպանատները:

Գնել Սանոսյան - Մեր նպատակը հետևյալն է. երեք թիրախ ունենք. հնարավորինս խոշոր և աշխարհում հայտնի ընկերություններ ներգրավելով՝ կարողանալ աշխատանքներն անել ավելի արագ, որակով և, ինչու չէ, նաև ֆինանսապես մատչելի տարբերակով, այսինքն՝ նրանց միջև մրցակցություն առաջացնելու եղանակով:

Ճանապարհի այս հատվածի կառուցումը մեզ համար և՛ ռազմավարական, և՛ տնտեսական, և՛ անվտանգային առումով չափազանց կարևոր է, նաև ծավալուն ծրագիր է՝ հագեցած տեխնիկական բազմաթիվ հետաքրքիր լուծումներով՝ նշում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենը:

Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Մենք հայտարարել ենք Հյուսիս-հարավի, մեր կարծիքով՝ ամենադժվարամատչելի հատվածի շինարարության պրոյեկտը, թե՛ իր մասշտաբով, թե՛ ծավալներով տարածաշրջանում, կարծում եմ՝ աննախադեպ է: Եվ այս հատվածի մեջ աշխարհի ամենախոշոր շինարարական ընկերություններին ներգրավելը, կարծում եմ՝ մեր Հյուսիս-հարավն ավելի որակյալ կտանի ու ավելի մատչելի:

Մեր երկրի հարավով՝ Լեռնահայաստանով, անցնող մոտ 60 կմ երկարությամբ ճանապարհահատվածը կունենա 27 կամուրջ, 9 թունել: Աշխատանքը լինելու է բարդ ու ժամանակատար:

Գոռ Ավետիսյան - Գրաֆիկը մոտավորապես 6 տարի է, քանի որ իր մեջ ներառում է մոտ 12.5 կմ թունել, իսկ թունելային աշխատանքները, գիտեք, բավականին ծանր և երկարաժամկետ աշխատանքներ են: Բացի դրանից, ունենք մեծ թվով կամուրջներ, որոնց կառուցման համար մեզ նույնպես երկարաժամկետ աշխատանքներ են պետք:

Հայաստանում Նիդերլանդների դեսպանն արդեն մի քանի անգամ այցելել է Սիսիան, ուսումնասիրել տեղանքը, որտեղ պետք է կառուցվի ճանապարհը, և գիտի, որ այն հեշտ մարտահրավերներից չէ:

Նիկոլաս Սխերմերս (ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան) - Շատ տպավորիչ էր, հասկացա, որ Հայաստանի համար շատ կարևոր է այս ճանապարհի կառուցումը: Նիդերլանդական կողմը հետաքրքրված է, թե ինչպես կարող է աջակցել Հայաստանին այս ճանապարհի, թունելների, կամուրջների կառուցման հարցում:

Մրցույթը հայտարարված է, և Հայաստանը շուրջ 70 օր կսպասի տարբեր երկրների շինարարական կազմակերպությունների հայտերին: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումը կիրականացվի դոնորների և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ:

1lurer.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն