Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները, ըստ այդմ՝ ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է՝ 1 281 174-ը կամ 49.4 տոկոսը, դրանցից 687 251 քվե՝ 53,92 %, ստացել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը ստացել է 268․165 ձայն կամ ընտրողների ձայների 21,04 %-ը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66․633 ձայն կամ 5.23 %-ը։ Նախնական արդյունքների հրապարակման առթիվ Նիկոլ Փաշինյանն այսօր ժամը 20։00-ին հրավիրել է իր աջակիցներին՝ ժողովրդի անունից պողպատե մանդատը ստանալու համար։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նշեց, որ 2.5 միլիոն ընտրողից ընդամենը 687 հազար քաղաքացու քվե ստացած մարդն իրավունք չունի խոսել ամբողջ ժողովրդի անունից, որովհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրած պաշտոնական ցուցանիշը ցույց է տալիս, որ ընտրողների ուղիղ 50 տոկոսը մերժել է Նիկոլ Փաշինյանին։

«Տեղի ունեցածը ընտրության իմիտացիա է. ընտրության անվան տակ ապօրինի կերպով զավթել են իշխանությունը, սա պլանավորված հանցագործություն էր, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանն ու Էդմոն Մարուքյանը, իսկ պարագլուխը եղել է Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանում երբեք իշխանություն չի փոխվել ընտրություններով, դրանք իշխանությունը կազմակերպում է իր իշխանությունը ամրապնդելու համար, ինչին էլ ականատես եղանք հիմա։ Իսկ ինչ վերաբերում է Փաշինյանի պողպատե մանդատին, ապա նա ժողովրդի 50 տոկոսի անունից խոսելու իրավունք չունի։ Այս ընտրության լավագույն կողմերից մեկն այն է, որ հերթական անգամ ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը հանրային մեծ վստահություն չի՛ վայելում։ 50 տոկոսը, ընտրության չգնալով, ցույց է տվել, որ դեմ է Փաշինյանին և նաև բոլոր մյուս ուժերին։ Փաշինյանը վայելում է հանրության քառորդի վստահությունը, հետևաբար՝ ամբողջ ժողովրդի անունից իրավունք չունի»,- ասաց Էդգար Ղազարյանը։

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան անցնող ընդդիմադիր դաշինքների մասին՝ Ղազարյանը նշեց, որ Փաշինյանն իր բնույթով մեծ բռնապետ է՝ առավել մեծ պլաններով։

«Փաշինյանն իր մուրճով երբեք չի հարվածի Ալիևի և Էրդողանի գլխին, նա դրանով հարվածելու է Հայաստանի քաղաքացիներին՝ զինվորականներին, հոգևորականներին, գիտնականներին, ազգային արժանապատվությունը պահպանող մարդկանց, գործարարներին։ Փաշինյանը վերցնում է մետաղական իրեր՝ հարձակվելու ողջ մնացած հայ ժողովրդի վրա, իսկ թե ինչպես կարող են այդ ամենը կանխել խորհրդարան հասած ընդդիմադիր դաշինքների ներկայացուցիչները, ապա ես կարծում եմ, որ պայքարի գործիքներից մեկը Սահմանադրական դատարան դիմելն է, ինչն անելու մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքը։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորները նախորդ խորհրդարանի ընդդիմադիրներից կտարբերվեն նրանով, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն ընդդիմադիր չէին, նրանք իշխանության արբանյակներն էին, իսկ այս նոր դաշինքներն արմատական ընդդիմադիրներ են, բայց որոշումների կայացման վրա չեն կարողանա ազդեցություն ունեալ։ Իմ ակնկալիքն այդ արմատական ընդդիմադիրներից այս իշխանությանը հեռացնելն է։ Պետք է ոչ ստանդարտ նոր իրավիճակ ստեղծել. այնպիսի իրավիճակ, որը անգամ սահմանադրաիրավական կարգավորում չունի»,- ասաց Ղազարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն